Ապրիլի 25-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական եւ գաղափարակից այլ կուսակցությունների երիտասարդական թեւերին համախմբող կազմակերպության՝ Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ոգեկոչման միջոցառումներին Երեւանում մասնակցելու համար եւ բարձր գնահատեց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Երեւանում ընդունված բանաձեւը:
Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները` Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին` շեշտելով դրա կարեւորությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համար: