News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում բրիտանա-հայկական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոն Ուիթինգդեյլի հետ հարցազրույցը:

Ինչո՞ւ ապրիլի 24-ին Դուք բրիտանական խորհրդարանի միակ ներկայացուցիչն էիք Հայաստանում:

Ես բրիտանական խորհրդարանում բրիտանա-հայկական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահն եմ եւ արդեն 4 անգամ եղել եմ Հայաստանում: Իմ առաջին այցելությունն այստեղ բոլորին հայտնի բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ էր:

Բրիտանիայում ներկայում խորհրդարանի համընդհանուր ընտրություններ են, երկու շաբաթ անց մեզ մոտ ազգային ընտրություններ են: Սակայն ես կարողացա երկու օրով ժամանել՝ մի կողմ թողնելով ընտրարշավը: Ինձ թվում է՝ չափազանց կարեւոր է, որ բրիտանական խորհրդարանից որեւէ ներկայացուցիչ լիներ այստեղ:

Սակայն դա չխանգարեց, որպեսզի արքայազն Չարլզը գլխավորի Գալիպոլիի 100-ամյակի առիթով Թուրքիայում անցկացվող միջոցառումներին մասնակցող բրիտանական պատվիրակությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխանը չափազանց պարզ է: Գալիպոլիի ճակատամարտում Բրիտանիան 35 հազար զինվոր է կորցրել: Հետեւաբար, Բրիտանիայում բազմաթիվ ընտանիքներ ծանր կորուստ են կրել եւ, բնականաբար, նրանց հուզում է այդ զոհերին հիշատակելու եւ այդ մարտի օրը նշելու հանգամանքը:

Բայց ես նաեւ գիտեմ, որ արքայազն Չարլզը մեծ համակրանք ունի Հայաստանի հանդեպ:

Ուզում եմ նաեւ նշել, որ մեզանից ոչ ոք չէր ցանկանա, որ այդ երկու իրադարձությունները համընկնեին, բայց այդպես եղավ: Եվ քանի որ Բրիտանիան այդ ճակատամարտի մասնակից է եղել, հասկանալի է, որ արքայազն Չարլզը պետք է այնտեղ լիներ: Բայց դա չի նշանակում, որ նա անկեղծորեն չի ցավակցում հայ ժողովրդին:

Օրերս Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ընդունեց: Իսկ Բրիտանիան ե՞րբ կանի դա:

Ես այցելել եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եղել եմ թանգարանում: Իմ կարծիքով, վկայություններն այնքան ուժեղ են, որ ակնհայտ է, որ դա ոչ միայն սարսափելի հանցագործություն էր, այլ մարդկանց ոչնչացնելու փորձ: Մարդկանց մեծ մասի համար, ովքեր կուսումնասիրեն տեղի ունեցածը, պարզ կդառնա, որ դա ցեղասպանություն էր:

Կարծում եմ՝ կարեւոր է, որպեսզի մյուս երկրները նույնպես այդ հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչեն:

Բրիտանական հասարակությունն ինչպե՞ս է արձագանքում այն հանգամանքին, որ Լոնդոնը դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Բրիտանիայում մարդկանց մեծ մասն այդ իրադարձությունների մասին շատ ավելի քիչ գիտի, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի:

Հիմա՝ 100-րդ տարելիցին, այդ թեման բրիտանական մամուլում, ռադիոյում եւ հեռուստատեսությամբ լայնորեն լուսաբանվում է: Բայց չէի ասի, որ այդ թեմայի մասին բարձրաձայնում են բրիտանական դպրոցներում, պատմության դասերի ժամանակ: Պարզապես Բրիտանիան, ի տարբերություն այլ երկրների, այդքան էլ ներգրավված չի եղել այն ամենում, ինչ տեղի է ունեցել աշխարհի այդ հատվածում:

Հույս ունեմ, որ ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով անցկացվող միջոցառումներն ու արարողությունները, ինչպես նաեւ Հռոմի Պապի խոսքերը կհանգեցնի նրան, որ մարդիկ ավելի շատ կիմանան տեղի ունեցածի մասին:

Այսօր Թուրքիան չի ցանկանում 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն կոչել: Ի՞նչ կասեք այդ մասին:

Ես կառավարության մամուլի քարտուղարը չեմ: Սակայն, իմ կարծիքով, դա կբարելավի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները եւ կօգնի հենց Թուրքիային, ինչպես Գերմանիային, որը ճանաչեց անցյալում իրագործած հանցագործությունը: Ոչ ոք չի պնդում, որ թուրքական այժմյան կառավարությունը պատասխանատու է պատմական այդ իրադարձությունների համար:

Անձամբ ես կցանկանայի, որ դրանք Ցեղասպանություն ճանաչվեին: Իմ կառավարությունն ամենից շատ կցանկանար (եւ ես կիսում եմ այդ ցանկությունը) Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ նորմալ հարաբերություններ տեսնել:

Չեմ կարծում, որ Թուրքիան ինչ-որ կերպ կտուժի, եթե ճանաչի տեղի ունեցածը: Դա ուրիշ ժամանակ էր, ինչպես նաեւ ուրիշ ռեժիմ: Նույնը վերաբերում է Գերմանիային: Ոչ ոք չի կարծում, որ այժմյան գերմանական կառավարությունը որեւէ կերպ պատասխանատու է այն հանցագործության համար, որն իրականացվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:

Մեկ անգամ արդարություն հաստատելով՝ կարող ես ամեն ինչ անցյալում թողնել եւ դրանից դասեր քաղել: Դա առաջին քայլն է՝ ապագայում Հոլոքոստի եւ հայերի հետ տեղի ունեցածի կրկնությունը կանխելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ