News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Paris Match պարբերականին տված հարցազրույցում ֆրանսիահայ կոմպոզիտոր Անդրե Մանուկյանը պատմել է իր հայկական արմատների, Զմյուռնիայից եկած նախնիների մասին, որոնք կրկին վերադարձել են՝ հույսով, որ ամեն ինչ կարգավորվել է... Երրորդ սերնդի ներկայացուցիչ ներգաղթյալ Մանուկյանը հայերեն ավելի վաղ է սկսել խոսել, քան ֆրանսերեն: Ներկայացնում ենք հատվածներ նրա հարցազրույցից:

Քո ընտանիքն ինչպե՞ս է վերապրել զանգվածային սպանությունները:

Մորս հարազատները Թուրքիայից են, Սաքարիայից: Նրանք չեն ապրել ցեղասպանության դաժանությունները, քանի որ հասցրել են ավելի վաղ փախչել: Մորական կողմից պապս, որը քաղաքապետ է եղել, ամեն ինչ ժամանակին է զգացել:

Հայրս ծնվել է 1920 թվականին, Զմյուռնիայում: Թուրքերը սպանել են նրա եղբորն ու քրոջը, իսկ պապիս բանակ են զորակոչել՝ ռուսների դեմ կռվելու: Սիբիրում նա գերի է ընկել, իսկ երբ վերադարձել է, չի կարողացել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Նրա կինը 7 եղբայրների եւ քույրերի, ծնողների եւ երեխաների հետ աքսորվել է: Բոլորը շուտով մահացել են՝ բացի իմ տատից, ով հաղթահարել է Սիրիայի Դեր Զորի անապատով տեղահանությունը: Բուլղարիայում ապաստան գտած տատս ու պապս որոշել են վերադառնալ Զմյուռնիա՝ կարծելով, որ ամեն ինչ կարգավորվել է: Երկու տարի անց նույնն է տեղի ունեցել: Այս անգամ նրանք որոշել են մեկընդմիշտ լքել քաղաքը: Նրանք հայտնվել են փախստականների ճամբարում: Այնտեղ Կարմիր Խաչի ֆրանսիացի աշխատակիցներն ասել են, որ Ֆրանսիայում աշխատուժի կարիք ունեն: Եվ նրանք մեկնել են:

Ցեղասպանության մասին պատմություններից հորս դեմքը քարանում էր: Նա ցանկանում էր, որ մենք հասկանանք ու հիշենք, թե ինչ են նշանակում այդ սարսափները: Նա այդ ավելի ուշ է հասկանել, երբ 1980-ականներին իմացել է ASALA-ի գործողությունների մասին: Եվ երբ առաջին անգամ հեռուստացույցով թուրք զինվորականների է տեսել՝ հայերի գլուխների հետ լուսանկարվելիս:

Ապրիլի 24-ը որեւէ կերպ նշո՞ւմ էիք:

Երբեք… Եվ մի անգամ քույրս խորհուրդ տվեց մասնակցել Փարիզում անցկացվող ցույցին: Տպավորված էի՝ տեսնելով ընտանիքների, որոնք գրեթե ուրախությամբ հանգիստ քայլում էին փողոցով: Դրանից հետո աշխատում էի ավելի հաճախ մասնակցել, ցանկացած հնարավորության դեպքում:

Նաեւ Հայաստան մեկնեցի, ապրիլի 23-ին, համերգ տվեցի Հանրապետության հրապարակում: Դրանից հետո կրկին ինձ համար սկսեցի բացահայտել հայկական երաժշտությունը, մխրճվել այդ մշակույթի մեջ:

Ձեզ հայ զգո՞ւմ եք:

Օ՜, այո: Երբ որեւէ մարդ եմ տեսնում, փորձում եմ նրա հետ իր լեզվով խոսել: Ազգային փոքրամասնությունների համար դա գոյատեւման միջոց է: Հայերեն սովորել եմ տատիցս, ավելի վաղ, քան սկսել եմ ֆրանսերեն խոսել: Նաեւ հայկական զգացմունքայնություն ունեմ, որն արտահայտվում է երաժշտության միջոցով: Հայաստանում բազմաթիվ երաժիշտներ կան: Մտածեք միայն. գրեթե յուրաքանչյուր հայկական ընտանիքում դաշնամուր կա: Հայրս դաշնամուր եւ ջութակ է նվագում, հորաքույրս՝ կլառնետ: Ես նույնպես մխրճվեցի հայկական երաժշտության մեջ: Վերջերս ես ալբոմ եմ պատրաստել Լենա Շամամյանի հետ՝ հիասքանչ հայ երգչուհի Սիրիայից:

Ինչ եք կարծում, թուրքական կառավարությունը երբեւէ կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը:

Ո՛չ, չեմ կարծում: Քաղաքական գործիչներից ոչինչ չեմ սպասում: Նրանք կարոտում են Օսմանյան կայսրությունը: Այդ ժխտողականության վրա նրանք սեփական Ես-ն են կառուցել: Աթաթուրքը Ցեղասպանության պատասխանատուներին մահվան դատապարտեց, որպեսզի հետագայում նրանց դամբարանները կառուցի: Կցանկանայի, որպեսզի ինչ-որ ժամանակ Հայաստանի համար ամեն ինչ կարգավորվեր: Երկիրը թշնամիներով է շրջափակված. արեւմուտքից՝ թուրքեր, արեւելքից՝ ադրբեջանցիներ: Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչմանը կհետեւի նաեւ հատուցումը գողացված հողերի, որոնք ստիպված կլինեն վերադարձնել, եւ որոնք կպահանջեն Սփյուռքի բազմաթիվ հայեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ