News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քալիֆոռնիայի Նորդռիջ պետական համալսարանի (CSUN) քիմիայի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանն արժանացել է 2015 թ. Քենեդի կենտրոնի «Սթեֆան Սոնդհեյմի անվան ոգեշնչող ուսուցիչ» մրցանակին (Stephen Sondheim Inspirational Teacher Award): Ամենամյա մրցանակը շնորհվում է այն մանկավարժներին, որոնք շրջադարձային ազդեցություն են ունեցել ուսանողների կյանքում եւ մեծ ներդրում ուսուցման ոլորտում:

Դոկտոր Մելիքյանն առաջին հայ գիտնականն է, որն արժանանում է այդ պետական պարգեւին: Խիստ խորհրդանշական է, որ Հայոց ցեղասպանություն վերապրածների որդին է ստանում այս հեղինակավոր մրցանակը՝ Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցից ընդամենը մի քանի շաբաթ առաջ: «Սա իմ անձնական պատասխանն է այն մարդկանց, ովքեր փորձել են ջնջել մեզ երկրի երեսից, ինչը, սակայն  նրանց չի հաջողվել», - ասել է Մելիքյանը:

«Ուսուցիչ լինելն ամենահուզիչ, ամենաաշխատատար եւ ամենից առավել հատուցվող մասնագիտությունն է», - ասել է Մելիքյանը: «Ես սիրում եմ մարտահրավերներ նետել իմ ուսանողներին՝ ստիպելով նրանց հավատալ իրենց, ստեղծելով կյանքի վերափոխման հնարավորություններ եւ նրանց դնելով բարեկեցիկ ապագայի ճանապարհի վրա: Ամեն նոր օրը նույնքան հետաքրքիր է, որքան իմ աշխատանքային առաջին օրն էր»:

«Որպես քոլեջի դեկան Գագիկին ճանաչում եմ շուրջ տասը տարի», - ասել է գիտության եւ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Ջերի Սթիները: «Մեծ հարգանք եմ տածում Գագիկի հանդեպ եւ նրան համարում եմ քոլեջի լավագույն գիտնականներից ու ուսուցիչներից մեկը: Նա առաջնակարգ գիտնական է, որն ունի ուշագրավ հրապարակումներ եւ աներեւակայելիորեն նվիրված է իր լաբորատորիայում ուսանողներին կրթելուն»:

«Դոկտոր Մելիքյանն ինձ համար մասնագիտական օրինակ է ծառայել եւ հանդիսացել է իմ ակադեմիական եւ մասնագիտական զարգացման խթանող անձը CSUN-ում», - ասել է մրցանակի առաջադրած նախկին ուսանող Քրիստոֆեր Ուայլդը: «Նա առ այսօր շարունակում է կարեւոր դեր խաղալ»: Ուայլդը նշել է, որ Մելիքյանի «գիտելիքների բարձր մակարդակն աչքի է ընկնում հենց առաջին դասախոսության ժամանակ: Նա, լինելով շատ անաչառ, պահանջում է կատարելություն»:

Մելիքյանի մեկ այլ գործընկեր CSUN-ում` կենսաբանության պրոֆեսոր Սթիվ Օթենհեյմերը, խոսելով Մելիքյանի տաղանդների մասին, նշել է. «Գագիկը հրաշալի ուսուցիչ, հետազոտող եւ հեղինակ է: Նրա խանդավառությունը եւ պարզությունը լսարանում տպավորիչ են: Հարյուր հազարավոր քիմիական նյութերի հետ կապված խնդիրների մասին պատմող նրա մրցանակակիր գիրքը («Մեղավոր` մինչեւ անմեղության ապացուցումը՝ հակաօքսիդիչներ, սննդամթերքներ, հավելումներ եւ դիմահարդարման միջոցներ»), իսկապես կարեւոր ներդրում է հանրային առողջությանը եւ բարեկեցությանը: Այդ գիրքը դասական է, եւ այն պետք է բոլորը կարդան:

Ըստ համալսարանի մամուլի հաղորդագրության՝ Մելիքյանը նշել է, որ CSUN-ը հանդիսացել է նրա հաջողության հիմնական պատճառներից մեկը: «Վերջին երկու տասնամյակների ընթացքում CSUN-ը իմ հանդեպ այնքան աջակցություն, քաջալերում, փոխըմբռնում եւ գնահատանք է ցուցաբերել, որ ես դժվար թե ստանայի մեկ այլ վայրում», - ասել է Մելիքյանը: «Իսկ ներկայիս ձեռքբերումները, ինչպես դասարանում, այնպես էլ գիտահետազոտական լաբորատորիայում, անհնար կլինեին առանց համալսարանական, քոլեջային եւ ֆակուլտետային մակարդակներում տրամադրվող շարունակական աջակցության եւ օժանդակության»:

Պրոֆեսոր Մելիքյանն արժանացել է նաեւ հեղինակավոր Ժերոմ Ռիչֆիլդ ակադեմիական մրցանակի եւ Ֆակուլտետի գերազանցության մրցանակի, որը համալսարանի կողմից տրված ամենաբարձր մրցանակն է՝ ի նշան ֆակուլտետի հետազոտությունների մեջ գերազանցության ճանաչման: Polished Apple մրցանակի արժանացած Մելիքյանը կրթել եւ ուսուցանել է քիմիայի, կենսաբանության եւ բժշկության ոլորտներում աշխատող մասնագետների մի ամբողջ սերնդի:

Մելիքյանի աշխատանքը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից (www.csun.edu/gmelikyan), եւ որպես փորձագետ նա երկար տարիներ զբաղվել է ամերիկյան հասարակության՝ վնասակար քիմիական եւ բնապահպանական աղտոտիչներից պաշտպանությամբ:

Տպել
Ամենաշատ