News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ ապրիլի 28-ին, այցելել է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց, որտեղ մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննությունները: Նախարարը հանդիպել է հավակնորդներին, զրուցել նրանց հետ եւ հետաքրքրվել` ինչ խնդիրներ են ծագել վերապատրաստումների ընթացքում:

«Դպրոցի համբավը, կրթության որակը մեծապես կախված է նախ տնօրենից. լավ տնօրենը դպրոցի հաջողության կեսն է, լավ տնօրենն իր հետ բերում է լավ ուսուցիչներ, նա կարգապահություն եւ օրինականություն է սերմանում, լավ տնօրենին հարգում, միաժամանակ սիրում են աշակերտները եւ այլն: Առանց լավ տնօրեն` չկա լավ դպրոց:  Հուսով եմ, որ դուք այդպիսի տնօրեններ կլինեք»,-դիմելով հավակնորդներին` նշել է նախարարը:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել է, որ 2009 թվականին Ազգային ժողովը հավանության է արժանացրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, որտեղ ի թիվս այլ դրույթների` ամրագրվել է տնօրենների հավակնորդների վերապատրաստման եւ քննությունների գործընթացը: «Սա, փաստացի, քննությունների երկրորդ փուլն է. հավաստագիրն ուժի մեջ է 5 տարի, եւ արդեն ունենք մասնակիցներ, ովքեր մեկ անգամ հաջողությամբ հանձնել են քննությունը, աշխատել տնօրեն: Ներկայումս լրացել է ժամանակը, եւ նրանք նորից են մասնակցում: Այսինքն` մեխանիզմը վերարտադրվում է, ուստի մենք կայուն ինստիտուցիոնալ գործընթաց ենք նախաձեռնել: Տնօրեն աշխատելու համար հարկավոր է տիրապետել ոչ միայն տարիների փորձին, այլ ունենալ հստակ գիտելիքներ` իրավական, մանկավարժության եւ այլ ոլորտներում: Տնօրենը պետք է ունենա գիտելիքների եւ հմտությունների անհրաժեշտ մակարդակ, ինչպես նաեւ սեր առ իր մասնագիտություն, մարդկային բարոյահոգեբանական նկարագրին բնորոշ գծեր»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ քննական հանձնաժողովներում ընդգրկված են ներկայացուցիչներ տարբեր օղակներից` ԱԺ, ԿԳՆ, ԿԱԻ եւ վերապատրաստող կազմակերպություններից:

Նշենք, որ hանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի /հավաստագրի/  գործընթացը  սկսվել  է  2011թ.  եւ  համաձայն կարգի` անցկացվել է տարին երկու անգամ: 2011-2014թթ. ընկած ժամանակահատվածում հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի  քննությունների համար կազմակերպված վերապատրաստումներին մասնակցել է 2286  հավակնորդ,  քննությանը մասնակցել` 2673,  որից 2039-ին շնորհվել է հավաստագիր, 554-ը չեն հաղթահարել, իսկ 80-ը չեն մասնակցել: 2015թ.  ապրիլի  28-ից  մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվող քննությունների համար վերապատրաստվել է 229 հավակնորդ, քննությանը մասնակցելու համար դիմել 237-ը:

Տպել
Ամենաշատ