News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածելՀայաստանի մի շարք համայնքներում 2015թ.-ի մայիսի 17-ին հայտարարված հանրաքվեների վերաբերյալ։

«Բնակավայրերի զարգացումն ու ամրապնդումը դիտարկելով Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից մեկը, 1990-ական թվականներին հիմնադրվեց  տեղական ինքնակառավարման համակարգը` որպես բնակավայրերի զարգացման գլխավոր նախապայման:  Բարեփոխումները միտված էին համայնքների կենսագործունեության հարցերում կենտրոնական իշխանությունից համայնքների կախվածությունը թուլացնելուն, իշխանության տեղական մարմիններ ձեւավորելու հարցում նրանց ժողովրդավարական լայն հնարավորություններ ընձեռելուն, սոցիալ – տնտեսական սեփական խնդիրները լուծելու համար լայն լիազորություններ տրամադրելուն:

2000-ական թվականներից, սակայն, տեղի ունեցավ  պետական քաղաքականության կտրուկ փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստանում սկսվեց տեղական ինքնակառավարման համակարգի վերացման մի գործընթաց, որը հանգեցրել է համայնքների խիստ թուլացմանը: Մասնավորապես, 2000թ.-ին համայնքների եկամուտների բազայից դուրս բերվեցին եկամտահարկի գծով օրենքով ամրագրված 15% մասհանումը եւ կենտրոնացված կարգով վճարողների հողի հարկը՝ մեծացնելով պետությունից համայնքների ֆինանսական կախվածությունը: 2005թ.-ին «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությամբ հանվեց համայնքի ղեկավարի պաշտոնում նույն անձի` երկու ժամկետից ավելին անընդմեջ ընտրվելու իրավունքի սահմանափակումը: Նույն թվականին «ընդունված» սահմանադրական փոփոխություններով ամրագրվեց այն դրույթը, համաձայն որի տեղական հանրաքվեների արդյունքները պարտադիր չեն համայնքների միավորման կամ բաժանման հարցերը լուծելիս: Աստիճանաբար ներդրվեց պետական կառավարման տարբեր մակարդակի մարմինների, մասնավորապես` մարզպետարանների, կողմից համայնքային իշխանությունների լիազորություններին միջամտելու եւ դրանք յուրացնելու գործելաոճը:

Տեղական ինքնակառավարման համակարգում կատարված ավերածությունները կարծես բավարար չհամարելով, իշխանություններն այժմ փորձում են իրագործել համայնքների խոշորացման մի նոր` վտանգավոր հայեցակարգ: Հայ Ազգային Կոնգրեսը նշում է, որ սույն հայեցակարգը `

1. Հանգեցնելու է սեփական իշխանություններ ձեւավորելու գործում ժողովրդի դերի էական նվազմանը, ինչը խորացնելու է պետական կյանքից նրա էլ ավելի օտարումը,

2. Բերված հիմնավորումներով ոչ թե բնակավայրերի զարգացման եւ ամրապնդման, այլ` մեխանիկական միավորման միջոցով դրանց ինքնուրույնությունից զրկելու ծրագիր է:

3. Խախտում է բնակավայրերի` սեփական եկամուտները տնօրինելու սկզբունքը եւ խոչընդոտելու է բնակավայրերում ներդրումների իրականացմանը:

4. Ըստ էության վերջնականապես վերացնում է բնակիչների լիարժեք մասնակցությունը համայնքների կառավարմանը, թեեւ հայտարարվում է հակառակը:

5. Բնակավայրերի բնակիչներին՝ առօրյա բազմաթիվ խնդիրների լուծման առումով, կանգնեցնելու է մեծ դժվարությունների առջեւ:

6. Բոլորովին անտեսում է տասնամյակների կամ հարյուրամյակների պատմություն ունեցող բնակավայրերի պատմամշակութային ժառանգության,  ազգագրական ինքնատիպության եւ ավանդույթների պահպանման անհրաժեշտությունը:

7. Վերջապես, լուրջ վտանգներ է պարունակում այն առումով, որ համայնքային նոր կենտրոնները կարող են կլանել բոլոր ռեսուրսները՝ զարգացման ընդգծված անհամաչափություն առաջացնելով բնակավայրերի միջեւ: Ծրագրի իրագործումն, այդպիսով, նպաստելու է դեպի նոր կենտրոններ բնակչության միգրացիային՝ ի վերջո հանգեցնելով որոշ բնակավայրերի դատարկմանը՝ հատկապես բարձր լեռնային եւ սահմանամերձ շատ գյուղերում, ինչն արդեն սպառնալիք է ազգային անվտանգությանը:

Այսպիսի կարեւորագույն հարցերում պետությունը չպետք է առաջնորդվի միջոցներ տնտեսելու նկատառումով, առավելեւս, որ այդ «բարեփոխման» ֆինանսական արդյունքը չնչին է լինելու:

Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ հրատապ անհրաժեշտություն է վերադարձը ծրագրային հենքի վրա երկրի բնակավայրերի զարգացման ու ամրապնդման ռազմավարությանը` խորացնելով եւ ընդլայնելով տեղական ինքնակառավարումը: Այդ նպատակով պետք է կատարել հետեւյալ առաջնահերթ քայլերը.

-         հրաժարվել արհեստական միավորման միջոցով համայնքների խոշորացումից` շեշտը դնելով միջհամայնքային համագործակցության վրա, խթանելով կոոպերացիայի զարգացումը,

-         փոփոխություններ կատարել ՀՀ «Ընտրական օրենսգրքում»` վերականգնելով համայնքի ղեկավարի ընտրության ժամկետային սահմանափակումը,

-        էապես ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները` համայնքների կենսագործունեության եւ զարգացման խնդիրները լուծելու հարցերում, բացառելով անօրինական միջամտությունները տեղական իշխանությունների գործունեությանը,

-         ֆինանսական ինքնուրույնությունը ապահովելու նպատակով, ընդլայնել համայնքների եկամուտների աղբյուրները, մասնավորապես` օրենսդրական փոփոխություններ կատարելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում` եկամտահարկի եւ շահութահարկի գծով համայնքների տարածքում հավաքագրվող գումարների մի մասը մուտքագրելով համայնքային բյուջեներ,

-         համայնքների միացումը կամ առանձնացումը կատարել բացառապես կամավորության սկզբունքով` հիմք ընդունելով համայնքների հանրաքվեների արդյունքները,

-         պետության միջամտությունը համայնքների միացման հարցում թույլատրելի համարել բացառիկ դեպքերում` երբ դա անհրաժեշտ է փոքր բնակավայրերի դատարկումը կանխելու համար:

Ելնելով վերոշարադրյալից, Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում միացման ենթակա բոլոր համայնքների բնակիչներին` ակտիվորեն մասնակցել մայիսի 17-ի հանրաքվեին եւ դեմ քվեարկել կառավարության առաջարկած ծրագրին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ