News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


 NEWS.am1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ շարունակում է նյութեր հրապարակել «Վերապրածները» նախագծի շրջանակներում։

«Վերապրածները» իրենց մանկությունն ու հայրենիքը կորցրած սովորական մարդկանց պատմություններն են։

«Վերապրածները» 100 տարվա ցավն ու հիշողությունն է, փոխհատուցման 100 տարվա սպասումը։

«Վերապրածներն» այն մարդկանց օրեցօր նոսրացող խումբն է, որոնք չեն կորցնում ճանաչման հույսը՝ իրենց ցավի ճանաչման հույսը։

«Վերապրածները» 103-ամյա ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ է:

Երեւանյան Սարի Թաղի շրջանն իր ուրույն կյանքով է ապրում: Ժամանակն այստեղ, թվում է, ավելի դանդաղ ու հանգիստ է ընթանում՝ կարծես ասելով, որ շտապելու տեղ չունի…

Եվ եթե Աստված շրջեր Երեւանով, ապա անպայման կանգ կառներ Մաթեւոսյանների տան մոտ. այստեղից Հայաստանի մայրաքաղաքը կարծես ափի մեջ է (ֆոտոռեպորտաժ):

1918 թվականին Աստծո անտեսանելի ներկայությունը զգաց նաեւ Սիրանուշ Մաթեւոսյանը: Վերցնելով 6-ամյա որդուն՝ Անդրանիկին, եւ ձեռքի տակ ընկած իրերը հավաքելով, ամուսնու՝ Արտեմի հետ փախավ տնից: Սակայն խորհրդավոր ուժը նրան հետ՝ ամբար քաշեց:

- Այնտեղ պահում էինք ալյուր, լոբի, մեղր եւ Նարեկացու սրբապատկերը,- մեկ դար անց հիշում է 103-ամյա Անդրանիկ պապը:- Հավանաբար, Աստված ուզում էր, որ սրբապատկերը մեզ հետ վերցնենք: Նա էլ մեզ փրկեց։

Հայերի նախապատրաստվող կոտորածների մասին Արտեմն իմացել էր ռուսական բանակում ծառայելու ժամանակ եւ նույն պահին զինվորական համազգեստով դասալքել էր՝ հարազատներին փրկելու  համար։  Սակայն մինչ տեղ հասնելը նրա զոքանչին, աներոջն ու աներձագներին արդեն գազանաբար սպանել էին, եւ միակ բանը, ինչ մնում էր անել, կնոջ եւ երեխայի հետ Կարսից փախչելն էր այնտեղ, ուր աչքը կտրի։

«Մերս սպիտակերես կնիկ էր, եւ քուրդ կնոջ նմանվելու համար ստիպված էր մուր քսել երեսին, իսկ գլխին՝ սեւ գլխաշոր կապել»,- շարունակում է մոր պատմածը փոխանցել Անդրանիկ պապը:

Այդպես նրանց գյուղից գյուղ են փախչում՝ հետեւում թողնելով հարազատ վայրերը, օջախը եւ տարիների ընթացքում վաստակածը:

- Մենք մեծ տնտեսություն ունեինք: Գութան ունեինք, եզ ունեինք, կով ունեինք, շոր ունեինք, - պատմում է Անդրանիկ պապը:- Փողի մեծ մասը հատուկ թաքստոցում էր պահվում: Դրա տեղը միայն տատս գիտեր… Նրան էլ սպանեցին…Էլ ո՞վ գիտի տեղը:

Գաղթի ճանապարհին ընտանիքը ձգտում է չխոսել մայրենի լեզվով, որպեսզի հայերի փնտրող թուրքերը չգուշակեն նրանց ծագումը:

- Մայրս պատմում էր, որ օր ու գիշեր քայլում էինք: Մեզ հետ վերցրած ուտելիքը շուտ վերջացավ, բայց պետք էր առաջ շարժվել՝ չնայելով հոգնածությանը, սովին եւ ցրտին։

Մի անգամ ճանապարհին նրանք թուրք զինվորի են հանդիպում:

- Հերս ինձ շալակել էր, թուրքի սալդատը իմացել էր, թե զենք է, հերս կոխել էր ինձ շորի տակ, որ փախցնի, թուրքը տեսել էր, որ երեխա է, ասել էր՝ ի՞նչ ազգ եք, հերս ասել էր՝ քուրդ»։

Շուտով Մաթեւոսյանների ընտանիքը հասնում է Բաթում եւ տեղավորվում զորամասերից մեկում: Անդրանիկ պապի խոսքով, այդ ժամանակ կարելի էր նավերով Բաթումից Մեծ Բրիտանիա փախչել: Շատերը օգտվեցին այդ հնարավորությունից, սակայն նրանք որոշեցին մնալ, իսկ 2 տարի անց տեղափոխվեցին Ռուսաստան՝ Մայկոպ քաղաք։

1930-ական թվականներին Անդրանիկն ամուսնանում է երիտասարդ հայուհու հետ, ճակատագրի կամոք, աղջիկը նրա մոր անունն ուներ՝ Սիրանուշ Մաթեւոսյան: Համատեղ կյանքի ընթացքում նրանք 7 երեխա են ունենում. Թեւանը, Խաչիկը, Գոհարը, Անգինը, Արաքսյան եւ երկվորյակներ Ռաֆայելն ու Ռազմիկը:

1936-1937 թվականներին Անդրանիկն ընտանիքի հետ փոխադրվում է Հայաստան, բնակություն հաստատում Էջմիածին քաղաքում:

- Ասինք ա՛յ մարդ, մենք ուրիշ ազգ ենք, ռուսը՝ ուրիշ, գնանք մեր հայրենիք, գնանք Հայաստան,- հայացք նետելով անցյալին՝ պատմում է Անդրանիկ պապը:

1939 թվականին սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը միլիոնավոր մարդկանց կյանք խլեց եւ փոխեց մի քանի սերունդների ճակատագիրը: Անդրանիկ պապին պատերազմ չեն տանում, սակայն այդ տարիներին նա աշխատում է Գորիսի, Ախալքալաքի եւ այլ քաղաքների ճանապարհներին:

Հետագայում Մաթեւոսյանները տեղափոխվում են Երեւան՝ Սարի թաղ, որտեղ Անդրանիկ պապը իր ձեռքերով կառուցում է տունը, որտեղ ապրում է մինչ օրս։

- Տենց էլ օրերս անցան էլի, բալա՛,- կորցրած երիտասարդության համար տխրելով՝ ընտանիքի պատմությունն է ավարտում Անդրանիկ պապը:

Արտեմ Մաթեւոսյանը վաղ է հեռանում կյանքից, նրա կինը՝ Սիրանուշը, վախճանվում է 1993 թվականին: Ողջ չեն նաեւ Անդրանիկ պապի կինն ու երեք եղբայրները՝ Գուրգերնը, Գարենն ու Արսենը:

Այսօր նա շրջապատված է իր երեխաների, հարսների, թոռների ու ծոռների ուշադրությամբ: Ընդհանուր առմամբ, նրանք ավելի քան 70-ն են:

Ինչ վերաբերում է Նարեկացու սրբապատկերին, ավելի քան 90 տարի այն ձեռքից ձեռք ու տնից տուն է անցնում: Արդեն ոչ ոք չգիտի, թե որտեղ է այն այսօր, սակայն Անդրանիկ պապը շարունակում է հավատալ Աստծուն եւ վերնաշապիկի գրպանում փոքրիկ խաչ է պահում:

Անի Աֆյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
«Վերապրածները» նախագծի նախորդ նյութերը՛

100 տարի զղջման սպասումով. Խոսրով Ֆրանգյան
100 տարի զղջման սպասումով. Արեւալույս Ամալյան
100 տարի զղջման սպասումով. Մարգարիտա Մխիթարյան
100 տարի զղջման սպասումով.Ահարոն Մանուկյան
100 տարի զղջման սպասումով. Սութե Քոչարյանն
100 տարի զղջման սպասումով. Նեկտար Ալատուզյան
100 տարի զղջման սպասումով. Սիլվարդ Ատաջյան  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ