Ընտրությունների ընթացքը նորմալ է, հավանաբար առաջին անգամ են նման հանգիստ համերաշ ընտրություններ տեղի ունենում։ Այս մասին այսօր մայիսի 3-ին, Ստեփանակերտում ընտրատեղամասի մոտ լրագրողների հետ զրույցում նշել է «Շարժում 88» ընդդիմադիր կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վիտալի Բալասանյանը՝ հավելելով. «Ես քվեարկել եմ երկրի անվտանգության օգտին»։
«Մենք կապի մեջ ենք բոլոր ընտրատեղամասերին հետ, հատկապես այն տեղամասերի, որտեղ մենք թեկնածուներ ունենք։ Այս պահին ոչ մի խախտում չենք արձանագրել, ահազանգեր չեն եղել»,-ասել է Բալասանյանը։
Ինչ վերաբերում է կանխատեսումներին, ապա նրա խոսքով, չարժե հենվել սոցհարցումների արդյունքների վրա, քանի որ Արցախի ժողովուրդը յուրօրինակ է, եւ դա անդրադառնում է քվեարկության վրա։ «Հույս ունեմ, որ այս անգամ ժողովուրդը իմաստուն որոշում կկայացնի քվեարկության ժամանակ»,-ասել է Բալասանյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, ԼՂՀ-ում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում են համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն եւ զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) եւ «Շարժում 88» (14 մարդ):
Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ են։ Երեք թեկնածու առաջադրել է ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական են։
Նշենք, որ ընտրական տեղամասերը կփակվեն երեկոյան ժամը 20.00-ին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am