News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք ունենք կառավարելի եթեր, տպագիր մամուլը  բաժանված է տարբեր ճամբարների։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այսօր Մամուլի ազատության օրվան, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ վերջերս Freedom House-ը հրապարակեց իր տարեկան զեկույցը, ըստ որի` Հայաստանը 61 միավորով դեռեւս մնում է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում: «Նախորդ տարվա համեմատությամբ`գրեթե տեղաշարժ չկա, ընդամենը մեկ միավորի բարելավում է, ինչը համապատասխանում է իրականությանը, քանի որ որեւէ տեսանելի տեղաշարժ օրենսդրության մեջ, որը վերաբերում է ԶԼՄ-ների գործունությանը, մենք չենք տեսնում: Մինչդեռ կարելի է մի շարք քայլեր անել՝ բարելավելու համար իրավիճակը, մասնավորապես կարելի է բարելավել օրենսդրությունը, Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը»,-ասաց նա։

Մելիքյանի խոսքով` Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը լուրջ բարեփոխումների կարիք ունի, մանավանդ թվային հեռարձակման անցման փուլում: Նրա կարծիքով` այս տարի օրենսդրական փոփոխություններ կլինեն եւ դա ապագայում կարող է դրական ազդեցություն ունենալ միջազգային կազմակերպությունների գնահատականների վրա:

«Կարծում եմ` շատ մեծ թերություն է այն, որ մեզանում շարունակվում են ֆիզիկական բռնությունները լրագրողների նկատմամբ եւ մեղավորներն այդպես էլ չեն պատժվում: Վերջին իրադարձությունը ապրիլի 22-ին  Արմենիա Մարիոթ հյուրանոցի մոտ տեղի ունեցածն էր, որտեղ ֆիզիակական բռնություն կիրառվեց Ազատություն ռադիոկայանի եւ Ա1+-ի թղթակցի նկատմամբ եւ առ այսօր որեւէ  մեկը պատասխանատվության չի ենթարկվել»,-ասաց Աշոտ Մելիքյանը` հավելելով, որ սրանք են այն պատճառները, որ տարբեր միջազգային կազմակերպությունների  նման գնահատականների հիմք են հանդիսանում:

Հարցին` ինչպիսի ազդեցություն ունի մամուլը հասարակական եւ քաղաքական  կյանքի վրա, արդյոք ազատ մամուլն ունի այն ազդեցությունը, որն ակնկալվում է, Աշոտ Մելիքյանը պատասխանեց, որ համաձայն չէ, թե մենք ունենք ազատ մամուլ, եւ հենց սա է պատճառը, որ ներազդեցությունն էլ այնքան մեծ չէ: «Մենք ունենք կառավարելի եթեր, տպագիր մամուլը  բաժանված է տարբեր ճամբարների, մի քիչ ավելի ազատ են առցանց լրատվամիջոցները, բայց այստեղ էլ կամաց-կամաց զգացվում է այդ ազդեցությունների շունչը եւ  բաժանվածությունը ըստ քաղաքական եւ տնտեսական ճամբարների։ Դա խոսում է այն մասին, որ մամուլն այնքան էլ ազատ չէ, եւ այս պարագայում մամուլը ազատ համարել այդքան էլ ճիշտ չէ»,-ասաց Աշոտ Մելիքյանը` հավելելով, որ եթե կայացած լիներ չորրորդ իշխանությունը, այն ավելի մեծ ազդեցություն կունենար:

Այսօր ազատ մամուլի  միջազգային օրն է, եւ, ըստ Աշոտ Մելիքյանի, սա լավ առիթ է նաեւ խնդիրների մասին խոսենք: Ամենակարեւորը, որ պետք է հայաստանյան մամուլին, իրական անկախության հասնելն է:

Տպել
Ամենաշատ