News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2015թ. մայիսի 4-8-ը Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կանցկացվի «Քիմիա» առարկայի դպրոցականների Մենդելեեւյան միջազգային 49-րդ օլիմպիադան, որին մասնակցում են 15 երկրի` թվով 92 աշակերտ եւ թիմերի 20 ղեկավար (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Լիտվա, Ղրղզստան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան,  Տաջիկստան, Սաուդյան Արաբիա):

Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով իր ողջույնի խոսքն է հղել օլիմպիադայի մասնակիցներին. «Մենք Հայաստանում մեծ ուշադրություն ենք դարձնում աշակերտական օլիմպիական շարժմանը: Պատահական չէ, որ մեր աշակերտները մշտապես մրցանակներ եւ մեդալներ են նվաճում միջազգային  օլիմպիադաներին: Մաղթում եմ բոլոր մասնակիցներին հաջողություն եւ ցանկանում, որ նրանք Հայաստանից գնան լավ տպավորություններով»,-նշել է Արմեն Աշոտյանը` հայտարարելով օլիմպիադայի մեկնարկը:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ Մենդելեեւյան միջազգային օլիմպիադան ամենահին օլիմպիադաներից մեկն է. «Շատ ուրախ եմ, որ Հայաստան է ժամանել 15 պատվիրակություն: Անցյալ տարի Մոսկվայում այս օլիմպիադային գրեթե նույն մասնակացությունն է եղել: Բացի այդ, մասնակիցների աշխարհագրությունն էլ է տպավորիչ` Սաուդյան Արաբիայից մինչեւ Հունգարիա: Հաստատապես, քիմիական կրթությունը` իր բոլոր խնդիրներով հանդերձ, Հայաստանում գտնվում է  բարձր մակարդակի վրա, եւ ունենք մեծ սպասելիքներ մեր աշակերտներից»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ մասնակիցներ կան եւ Երեւանի, եւ մարզերի դպրոցներից:

Օլիմպիադային մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաեւ օլիմպիադայի կազմկոմիտեի համանախագահը եւ անդամները` Մոսկվայի Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի դեկանն ու տեղակալը, ինչպես նաեւ հայտնի այլ գիտնականներ:

Նշենք, որ քիմիայի Մենդելեեւյան միջազգային օլիմպիադան Հայաստանում անցկացվում է արդեն 3-րդ անգամ. 1997թ.-ին Երեւանում տեղի է ունեցել 31-րդ օլիմպիադան, 2006թ.՝ 40-րդ օլիմպիադան: 1997թվականից առ այսօր ՀՀ մասնակիցները  վաստակել են 27 մեդալ, որից 24-ը` բրոնզե, 2-ը արծաթե եւ 1-ը` ոսկե: Այս տարի Հայաստանի թիմն օլիմպիադային ներկայանում է 10 հոգով:

Ժյուրիի կազմը բաղկացած է 32 անդամից, որոնցից 21-ն աշխարհի տարբեր երկրներից են, իսկ 11-ը` Հայաստանից:

Տպել
Ամենաշատ