News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Զորական գյուղում մայիսի 3-ին տեղի է ունեցել ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի եւ ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրիների, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության, Երկրորդ աշխարհամարտի եւ Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված երեք խաչքարերի բացման հանդիսավոր արարողությունը:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, բարձրաստիճան զինվորականներ ու հյուրեր, մարզի համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՌԴ Ռոստովի մարզի մշակույթի փոխնախարար  Տիմոֆեյ Սուբոտինը:

Խաչքարերի օծման արարողությունն կատարել են ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եւ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձել է հայ խորհրդային մարշալների գործունեությանը, Մեծ հայրենական պատերազում  հայ մարտիկների գործած սխրանքներին: Սխրանքներ, որոնք հետագայում  իրենց արտացոլումը գտան Արցախյան հերոսամարտում: Շնորհակալություն հայտնելով զորականցիներին եւ բարերարներին հուշակոթողը կառուցելու համար, Սեյրան Օհանյանը նշել է, որ նմանաբնույթ յուրաքանչյուր կոթող  ու միջոցառում առաջին հերթին հարգանքի տուրք է մեր նվիրյալներին եւ անշուշտ` հայրենասիրական բաց դաս սերունդների համար:

Զորական զյուղը խորհրդանշական է  նրանով, որ հանգամանքների բերումով 1980-ականներին այստեղ են վերաբնակվել Արցախի Չարդախլու գյուղի բնակիչների մոտ 60 տոկոսը: «Մենք այսօր հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն մեր փառապանծ մարշալներին, այլեւ խոնարհվում ենք անմեղ մարդկանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեր խաղաղ կեցության համար: Չարդախլուն առանձնահատուկ գյուղ է, որի զավակները Հայրենական մեծ պատերազմի հաղթանակած ելքը որոշողներից են եղել, ինչը նշանակալի փաստ է»,-նշել է Սեյրան Օհանյանը:

Միջոցառման շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը գերատեսչական մեդալներ է հանձնել միջոցառման նախաձեռնողներին եւ հուշարձանների ստեղծմանն աջակցած հովանավորներին, Արցախյան հերոսամարտին մասնակցած զորականցիներին, ինչպես նաեւ մի շարք զինծառայողների: Տավուշի մարզում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հանձնվել են «Հաղթանակի 70-ամյակ» հուշամեդալներ:

Զորական գյուղում կազմակերպված հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է համերգային ծրագրով եւ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրական ելույթներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ