News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 1-3-ը Դիլիջանի «Best Western Dilijan Paradise Hotel» հյուրանոցում անցկացվեց «Դիլիջանյան խաղեր 2015» ինտելեկտուալ խաղերի ամենամյա միջազգային փառատոնը, որին մասնակցում էին 22 թիմեր. 11-ը Հայաստանից եւ 11-ը՝ այլ երկրներից:

Միջոցառմանը մասնակցում էին նաեւ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» հաղորդման հայտնի մասնակիցներ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Ռուբինը, ԵԼենա Պոտանինան եւ այլք:

«Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի մագիստրոս Մաքսիմ Պոտաշովի խոսքով, արդեն 6-րդ անգամ է Հայաստան այցելում: «Շատ լավ է, որ «Դիլիջանյան խաղեր»-ն ամենամյա դարձան, արդեն կարող ենք նախապես ծրագրել, որ գարնանը Հայաստան ենք այցելելու: Մրցաշարը կարող է ավելի լայնածավալ դառնալ եւ ամեն տարի նորանոր թիմերի ներգրավել: Այս տարի «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ»-ի աշխարհի մրցաշարն անցկացվելու է Վրաստանում, եւ ես կարծում եմ, որ Հայաստանը նույնպես լավ հնարավորություններ ունի՝ ապագայում այն այստեղ անցկացնելու համար: Հայաստանում այդ խաղի լավ ավանդույթներ են ձեւավորվել: Բացի այդ, «Բրեյն ռինգ»-ում հայկական թիմերն ուժեղ մրցակիցներ են»,- հավելեց Պոտաշովը:

Մոսկովյան «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ակումբի թիմի կապիտան Ելենա Պոտանինայի խոսքով, մրցաշարին մասնակցելու է եկել «Դիլիջանյան խաղեր»-ի կազմակերպիչներից մեկի՝ Հայկ Ղազազյանի հրավերով: Նա նաեւ նշեց, որ նա Մոսկվայում հանդես է գալու իր թիմում: Ինչ վերաբերում է խաղի արդյունքներին. Պոտանինայի համար դրանք անսպասելի են եղել:

«Բոլորը կարծում էին, որ ինչպես անցյալ անգամ՝ այս տարի նույնպես հաղթելու է Մաքսիմ Պատաշովի թիվը: Սակայն առաջին տեղը զբաղեցրեց առաջին անգամ մասնակցող Ուկրաինայի թիմը, ինչի համար շատ ուրախ եմ: Կցանկանայի նշել հայկական թիմերի բարձր մակարդակը: Հաճույքով էի հետեւում նրանց խաղին: Անցյալ տարի «Դիլիջանյան խաղեր»-ը միջազգային մրցանակ ստացավ: Եթե ամեն ինչ ինձանից կախված լիներ, այս տարի նույնպես «Դիլիջանյան խաղեր»-ին կպարգեւատրեի»,- պարզաբանեց Պոտանինան:

Իսկ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ակումբների միջազգային ասոցիացիաների վարչության անդամ, «Դիլիջանյան խաղեր 2015»-ի խաղարկային ժյուրիի նախագահ Ալեքսանդր Ռուբինը Հայաստանում ավելի քան 20 անգամ է եղել: Լավագույն հիշողություններից մեկը կապված է 1973 թվականի հետ:

«Այստեղ «Արարատ-Դնեպր» խաղն էր ընթանում, որում Իշտոյանը երկու գոլ խփեց: Ես ինքս «Դնեպր» ֆուտբոլային ակումբի երկրպագուն եմ եւ, իհարկե, շատ ուրախ եւ հպարտ եմ, որ «Դիլիջանյան խաղեր»-ի չեմպիոն դարձավ ուկրաինական թիմը:

Ես խոնարհվում եմ միջոցառման կազմակերպիչների առջև: Տիգրան Քոչարյանն ու Հայկ Ղազազյանը իսկապես մեծ աշխատանք են կատարել:»,- ասաց նա:

Ռուբինը նույնպես կարծում է, որ կարելի է փորձել Հայաստանում «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ»-ի աշխարհի մրցաշար անցկացնել: «Եթե մեզ երաշխավորեն, որ կարող ենք այստեղ մրցաշար անցկացնել, ապա ինչո՞ւ ոչ»,- ամփոփեց Ռուբինը:

«Դիլիջանյան խաղեր 2015»-ի կազմկոմիտեի նախագահ Հայկ Ղազազյանը նույնպես գոհ է միջոցառումից: Նրա տեղեկացմամբ, մրցաշարի մասնակիցներն ու հյուրերը 6 երկրից եւ 12 քաղաքներից էին:

«Դիլիջանում հիանալի մթնոլորտ էր: Անցյալ տարի փառատոնը ստացավ «Տարվա լավագույն մրցաշար» մրցանակը: Կարծում եմ՝ այս տարվա միջոցառումը ոչնչով չէր զիջում: Ցավոք, այս անգամ հայկական թիմերը հիմնական մրցաշարերում հաջողություն չունեցան, սակայն երիտասարդ թիմերը կարողացան նվաճել արծաթե և բրոնզե մեդալներ: Դա մեզ հույս է տալիս լավատեսությամբ նայել Հայաստանում ինտելեկտուալ խաղերի զարգացմանը: Բացի այդ սա հայ գիտակների համար լավ հնարավորություն է խաղալ համաշխարհային գիտակների հետ: Եվս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հուսամ` ոչինչ մեզ չի խանգարի կազմակերպել նաև Դիլիջանի 2016-ի խաղերը, ինչու ոչ, նաև ձգտել ավելիին:»- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ