News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելու կարգում որեւէ փոփոխություն այս տարի չի եղել: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:

«Ինչպես դիմելու կարգի, այնպես էլ թեստերի կառուցվածքում այս տարի փոփոխություն չկա: Թեստերը բացարձակապես նույն կառուցվածքն ունեն, ինչ անցած տարի»,-ասաց Գագիկ Մելիքյանը՝ նշելով, որ նախորդ տարիներին իրենք թեստերից բողոքներ չեն ունեցել, բողոքները միայն շտեմարաններից են եղել, որոնք էլ տարեցտարի կատարելագործվում են:

ԳԹԿ տնօրենի խոսքով՝ շտեմարանների մատչելիության հարցն էլ է լուծվել: 

«Նախորդ տարի ծնողները բողոքում էին շտեմարանների բարձր գներից, սակայն այս տարի ԿԳՆ-ի կողմից յուրաքանչյուր դպրոցի շտեմարանների 2 օրինակ է տրվել, բացի այդ կայքում տեղադրված են շտեմարանները, որտեղից դիմորդները կարող են օգտվել»,-ասաց նա:

Գագիկ Մելիքյանը նշեց, որ այս տարի վճարովի եւ պետպատվերով տեղերի թվում փոփոխություն չի եղել: Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի դիմորդներն ավելի շատ դիմում են իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, իսկ «ամենաչպահանջված» մասնագիտությունները Ագրարային համալսարանում են:

«Նույնիսկ գյուղատնտեսականում անցած տարի մի նորամուծություն կիրառեցին՝ իրենց որոշ մասնագիտությունների համար սահմանեցին կարգ, որտեղ ատեստատի գնահատականներով կարող են ընդունվել»,-ասաց ԳԹԿ տնօրենը:

Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ այս տարի ուսման վարձավճարներում նույնպես փոփոխություն չի եղել:

Տպել
Ամենաշատ