News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժամանակին, բնակչության թվի դինամիկայի մասին քննարկումների ընթացքում, հակասական թվեր էին նշվում: Ընդդիմությունը պնդում էր, որ մեր քաղաքացիների շարքերը նոսրանում են աղետալի չափերով, իսկ պաշտոնական աղբյուրներում հակառակ թվեր էին ներկայացվում:

2011 թվականի մարդահամարից հետո «մինուսի» փաստն այլեւս ոչ ոք չի վիճարկում: Այսպես, մեկ տասնամյակի ընթացքում (2001-2011 թվականներ) Հայաստանի մշտական բնակչության թիվը կրճատվել է 194.500 մարդով: Այսինքն՝ տարեկան միջինը 20 հազար մարդ:

Նշենք, որ որեւէ հասցեում գրանցումը դեռեւս տվյալ անձին մշտական բնակչության թվին դասել չի նշանակում: Հաշվառման ժամանակ այդ կարգավիճակից զրկվում են այդ քաղաքացիները, որոնք ավելի քան մեկ տարի բացակայել են երկրից: Սակայն ոչ պակաս կարեւոր մեկ մանրուք կա. հաշվառման ժամանակ բավական դժվար է որոշել, տվյալ քաղաքացին հայրենիքից բացակայել է 364, թե՞ 366 օր: Հավելենք, որ մշտական բնակչության թվին են դասվում նաեւ օտարերկրյա քաղաքացիները, որոնք ավելի քան մեկ տարի բնակվում են մեր երկրում: Մարդահամարի ժամանակ նրանց թիվը գրեթե 23 հազար է եղել:

Ապրիլի 1-ի դրությամբ, Հայաստանի մշտական բնակչության թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 5.600 մարդով: Միաժամանակ, հունվար-մարտին բնակչության թիվը, բնական աճի հետեւանքով, համեմատաբար աճել է՝ 7.300 մարդով: Այսպիսի հետեւություն կարելի է անել պաշտոնական տվյալներից:

Հունվար-մարտի տվյալներով, Հայաստանի քաղաքացիների միգրանիայի բացասական սալդոն կազմել է 27.100 մարդ (անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ գրեթե 28.500 մարդ): Հայտնի է, որ այդ շրջանին հատոըկ է աշխատանքային միգրանտների արտահոսքը, մասնավորապես՝ Ռուսաստան:

Այս ամենին հավելենք նաեւ 2014-2015 ուսումնական տարում հանրապետության սահմաններից դուրս գտնվող հանրակրթական դպրոցներում սովորողների հոսքը՝ ավելի քան 5.838 աշակերտ: Ընդ որում, սալդոն (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) կազմել է 3.428 աշակերտ: Ամենայն հավանականությամբ, դպրոցականների հոսքը հիմնականում ներկայացված է ժամանակավոր միգրանտների երեխաների թվով: Նախկինում միգրանտները երկրից մեկնում էին երեխաների հետ, այնուհետեւ վերադառնում հայրենիք: Դե, իսկ ոմանք մեկնել են ավելի երկար ժամանակով, եւ նույնիսկ ընդմիշտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ