News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նոյեմբերի 5»-ի գործով 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Սեւակ Մնացականյանն այսօր՝ մայիսի 5-ին, ազատ է արձակվելու: NEWS.am-ի թղթակցին ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ այսօր լրանում է նրա պատժի ժամկետը, սահմանված կարգով՝ նա ազատ կարձակվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:

Նշենք, որ 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալներին դատապարտեց 1-7 տարվա ազատազրկման, Միսակ Առաքելյանի նկատմամբ տուգանք նշանակեց:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին մեղավոր  ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։

Տպել
Ամենաշատ