Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված սպա Սարգիս Գաբրիելյանն արդեն դուրս է գրվել հոսպիտալից: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նա հայտնեց, որ Սարգիսն առայժմ արձակուրդում է, ծառայությունը շարունակելու հարցը դեռեւս չի քննարկվել:
«Մյուս երկու վիրավորների՝ Էդգար Մարտիրոսյանի եւ Գոռ Դարմանյանի վիճակն էլ է լավ, սակայն նրանք դեռ կմնան հոսպիտալում»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Նշենք, որ Էդգար Մարտիրոսյանը որովայնի թափանցող հրազենային վիրավորում ուներ հաստ եւ բարակ աղիների վնասումով, իսկ սպա Սարգիս Գաբրիելյանը՝ աջ վերին վերջույթի վերին երրորդական մակարդակում տրավմատիկ ամպուտացիա եւ բազմաթիվ բեկորային վիրավորումներ: Գոռ Դարմանյանի մոտ առկա էր ոտքի ամպուտացիա:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել է: