News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


«Նոյեմբերի 5»-ի գործով 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Սեւակ Մնացականյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից: Նրան դիմավորելու էին եկել «Շանթի գործով» մյուս դատապարտյալների հարազատները «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառներով:

«Մենակ մի բանի համար եմ ափսոսում ժողովուրդ, որ մեր տղերքը հետս չեն: Իշխանություններն էլ թող իմանան, որ մեզ փակելով՝ հարց չեն լուծի»,- կալանավայրից դուրս գալուց անմիջապես հետո ներկաներին ասաց Սեւակ Մնացականյանը:

Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին եւ հարազատների ուղեկցությամբ հեռացավ: Սեւակ փոխարեն լրագրողների հարցերին պատասխանեց հայրը՝ Բախշիկ Մնացականյանը, որը նշեց՝ որդին անհիմն է 1,5 տարի անցկացրել կալանավայրում:

«Սա անհիմն դատապարտում էր, ուղղակի քաղաքական հետապնդում էր: Լրիվ սարքված թատրոն էր: Արդեն գիտեինք՝ ինչ էր լինելու, մանավանդ որ վերջում դատավորը մեկ ժամ անց դատավճիռը կարդաց: Սա նշանակում էր, որ նրա դարակում դրած էր դատավճիռը, հանեցին, կարդացին»,- ասաց հայրը՝ նշելով, որ իրենց ուրախությունը լիրաժեք կդառնա, երբ բոլոր քաղբանտարկյալներն ազատության մեջ կլինեն:

Նշենք, որ 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալներին դատապարտեց 1-7 տարվա ազատազրկման, Միսակ Առաքելյանի նկատմամբ տուգանք նշանակեց:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։

Տպել
Ամենաշատ