News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հարկային մարմինները նախընտրեցին դիմել «փորձված թանի»՝ «Հրազդան» տոնավաճառի առեւտրականներից եւ ընկերությանն անհայտ անձանցից ցուցմունքներ կորզելու մեթոդին: Այս մասին հայտարարություն է տարածել «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ տնօրենությունը:

Հայտարարությունում, մասնվորապես ասվում է.

«Մի քանի օր առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն տարածեց «Պարզաբանում» խոսուն վերնագրով, որով փորձեց ներկայացնել «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի հետ դատական վեճի նախապատմությունը՝ կեղծելով եւ աղավաղելով այն: Մի կողմ թողնելով բուն պարզաբանման գրագիտությունը (օրինակ՝ գրության հեղինակը չգիտի, որ Ազգային ժողով բառակապակցության մեջ ժողով-ը գրվում է փոքրատառով)՝ անդրադառնանք բովանդակությանը, քանի որ պրոֆեսիոնալիզմի պակասը եւ սուբյեկտիվիզմի ավելցուկը միայն զարմանք կարող են առաջացնել:

Նախ՝ պետական գերատեսչությունը գրում է, որ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն կազմակերպել է տոնավաճառ՝ չունենալով դրա իրավունքը: Այնինչ՝ ընկերությունը հանրապետությունում առաջինն է, որ ունի նման լիցենզիա (պատճենները կցվում են): Հարգելի պաշտոնյաները նման վրիպում են թույլ տվել հատկապես այն պատճառով, որ ստուգման ողջ ընթացքում իրենք փաստաթղթային ոչ մի խախտում չեն հայտաբերել, իսկ այն, ինչ իբր հայտնաբերել են, հիմնված է ցուցմունքների վրա:

Ֆինանսների նախարարությունը գրում է, որ տոնավաճառում 538 տաղավար կա, որտեղ առեւտրային գործունեությունը է իրականացնում 481 մարդ: Անհասկանալի է, թե ինչու է «սուպերնախարարությունը» ավելորդ տվյալներ մեջբերում՝ տվյալներ, որ ընկերությունը ինքն է տրամադրել, եւ դրանց վերաբերյալ ոչ մի առարկություն կամ բացահայտում հարկային տեսուչները չեն արել: Ըստ երեւույթին, Ֆինանսների նախարարությունում հասկանում են, թե ինչ անմխիթար վարկ ունեն իրենք հասարակության մեջ եւ ավելորդ մեջբերումներով ուզում են լուրջ ուսումնասիրություն իրականացրածի կերպար ստեղծել:

Իսկ փաստն այն է, որ 2013 թվականի օգոստոսից սկսելով հարկային ստուգումը եւ ոչ մի խախտում չարձանագրելով՝ հարկային մարմինները նախընտրեցին «փորձված թանի»՝ տոնավաճառի առեւտրականներից եւ ընկերությանն անհայտ անձանցից ցուցմունքներ կորզելու մեթոդին: Բայց սա դեռ ամենը չէ: Հարկային ստուգում իրականացնողները ցուցմունք վերցնելիս, օրինակ, չեն հասկացել կամ իբր չեն հասկացել, որ ավտոկանգառից օգտվելու սակագինը 2013-ին փոխվել է, եւ գործող սակագնով վերահաշվարկ են արել 2009-ից մինչեւ 2013 թվականը:

Նույնկերպ հարկային ստուգում իրականացնողները չեն հասկացել, որ տոնավաճառի պահասենյակից պարտադիր չէ ամեն օր կամ ամեն շաբաթ կամ էլ հավասարաչափ օգտվել, որովհետեւ առեւտրականները վաճառում են իրենց ապրանքը, ուստի այն հետզհետե քչանում է՝ մինչեւ նոր տեսականու հասնելը:

Կամ հարկային ստուգում իրականացնողները «հայտնաբերել են», որ տոնավաճառը անվտանգության ծառայություն ունի, որը հսկել է տարածքի անվտանգությունը, եւ դրա համար առեւտրականները վճարել են: Նախ՝ ի սկզբանե առեւտրականներն իրենք էին հերթով գիշերում իրենց տաղավարներում՝ այդպես հսկելով իրենց տարածքը, սակայն մի կողմից ընդառաջելով նրանց ու նրանց ընտանիքների խնդրանքներին, մյուս կողմից տեսնելով, որ առեւտուր իրականացնողների գիշերային պահակությունները վեր են ածվում խաղաթղթի եւ ալկոհոլի գիշերների՝ մարզադաշտի տնօրենությունը որոշում կայացրեց պայմանագիր կնքել մասնագիտացված մի ընկերության հետ՝ այդ խնդիրը լուծելու համար:

Հարկային մարմնի ներկայացուցիչները այս պայմանագիրը եւս աչքաթող են արել եւ պաշտոնական գրության մեջ ներկայացնում են, թե հենց «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ընկերությունն է իրականացրել անվտանգության ծառայությունը: Այս ամենը կարելի էր վերագրել միայն պրոֆեսիոնալիզմի պակասին կամ մասնագիտական կրթության բացերին, եթե չլիներ անթույլատրելին. շաբաթ-կիրակի առեւտուր իրականացնող մարդուն հենց առեւտուր իրականացնելիս հարկային քննիչները վեց հոգով տանում են հարցաքննության եւ վերջում հարցնում, թե ինչո՞ւ չի թողնում «Հրազդան» տոնավաճառը եւ չի տեղափոխվում Աբովյան քաղաք՝ Գագիկ Ծառուկյանի հիմնած նոր տոնավաճառում աշխատելու:

Հենց սա հաշվի առնելով՝ խիստ տարօրինակ է անհիմն քրեական գործը չկարճելը, մանավանդ որ ընկերությունը ֆինանսական խնդիրներից խուսափելու համար արդեն վճարել է այդ գործով սահմանված ողջ տուգանքը՝ 52.949.380 դրամ, թեեւ վարչական դատարանում վիճարկում է այն: Սակայն հարկային մարմինը արգելանք է դրել ընկերության դրամական միջոցների վրա, ինչի արդյունքում անհնար է դարձել մարզադաշտի պահպանության համար անհրաժեշտ ծախսերի կատարումը, մարզադաշտը պատշաճ վիճակում պահելը: Այս ամենից պարզ է դառնում, որ Ֆինանսների նախարարության խնդիրն ամենեւին էլ պետության գանձարանի մուտքերն ապահովելը չէ, այլ ինչ-ինչ մարդկանց անձնական շահերը սպասարկելը»:

Հ.Գ.- «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերությունը 2009-2012թթ. ընթացքում ունեցել է ընդհանուր 6.662.000.000 դրամ հասույթ, հաշվարկել ու վճարել է 2.041.000.000 հարկ, այդ թվում՝ 414.000.000 դրամ հաստատագրված վճար, 511.000.000 դրամ շահութահարկ, 867.000.000 ԱԱՀ, 80.000.000 դրամ եկամտահարկ եւ 169.000.000 դրամ սոց. վճար: Ըստ հարկային մարմնի պնդումների, չորս տարվա ընթացքում 2.041.000.000 դրամ հարկ վճարած կազմակերպությունը 4,5 տարվա ընթացքում իբր թաքցրել է 25.691.000 դրամ հարկ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ