Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի եւ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի միջեւ սկսված վեճը լուրջ հակամարտության է վերածվում։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ ԱԳ նախարար եղած ժամանակ Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ում հանդիպել էր այսօրվա ոխերիմ թշնամի Ֆեթուլլահ Գյուլենի հետ։ Դավութօղլուն ասել էր, թե իր հանդիպումը տեղի է ունեցել նախագահ Գյուլի եւ վարչապետ Էրդողանի գիտությամբ։
Սակայն Աբդուլլահ Գյուլը հերքել էր՝ շեշտելով, որ ինքը տեղյակ չի եղել Դավութօղլուի եւ Գյուլենի հանդիպումից։
Դավութօղլուն կրկին պնդել է, թե Գյուլը տեղյակ է եղել։ Դավութօղլուի պնդումը կատաղեցրել է Գյուլին, ով կրկին շեշտել է, որ Դավութօղլուն իրեն տեղյակ չի պահել Գյուլենի հետ հանդիպման մասին եւ հետագայում իմանալով այդ մասին՝ շատ է անհանգստացել եւ հնարավոր չի դա մոռանալ։