News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հունիսի 20-ին կայանալիք ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթին դիմելու է նաեւ ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Թոքմաջյանը:

Նա նշեց, որ կցանկանար ուրիշ թեկնածուներ էլ լինեն: «Կուզենամ շատ թեկնածուներ լինեն, թող հաղթի արժանավորը, Պոլիտեխնիկի խնդիրն է, անձնական հարց չկա: Ես ինչ էլ արել եմ, Պոլիտեխնիկի համար եմ արել»,-ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հարցին, թե ինչպես եք գնահատում ձեր ընտրվելու շանսերը, նա նշեց, որ դրա մասին չի էլ մտածում, «միշտ կյանքում արել եմ այն, ինչ պիտի անեմ, երբ նայեք բուհի ցուցանիշները, կտեսնեք արդյունքը»:  Դիտարկմանը,թե նախարար Աշոտյանը կսատարի ձեզ՝ հաշվի առնելով, որ մշտապես սկանդալների կիզակետում եք հայտնվում, ռեկտորն ասաց, որ «նախարարին հարցրեք, իր խնդիրն է, ես ունեմ Պոլիտեխնիկի սատարումը»: «Սկանդալներ չկան, ոչ մի սկանդալ չկա, կան սարքովի բաներ, ես բրիֆինգ կանեմ, կխոսեմ այդ մասին էլ, բուհի ցուցանիշների մասին»,-ասաց Հովհաննես Թոքմաջյանը:

Նշենք, որ այս տարի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթներ կանցկացվեն երեք բուհերում՝ Երեւանի պետական համալսարան, Երեւանի պետական բժշկական համալսարան եւ ՀՊՃՀ:

ԵՊԲՀ-ում ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցելու համար դիմումներ կարող են ներկայացվել ապրիլի 21-ից մինչև մայիսի 21-ը, մրցույթը կկայանա հունիսի 5-ին, ժամը 10:00-ին, փակ գաղտնի քվեարկությամբ: ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել գործող ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Իսկ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում որոշվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնել 2015թ. հունիսի 19-ին: Արամ Սիմոնյանը, ով  ԵՊՀ ռեկտոր է 2006թ մայիսից, մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չգիտի՝ դիմել մրցույթին մասնակցելու համար, թե ոչ:

Տպել
Ամենաշատ