News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մայիսի 5-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ներկա է գտնվել մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի հանդիսավոր բացմանը: Արարողությանը ներկա էին նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը եւ ուրիշներ:

Մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է նորաբաց ՃԿԿ-ում, ծանոթացել խորհրդակցությունների սենյակի ու դահլիճի հնարավորություններին, աշխատակիցների հանգստյան սենյակի պայմաններին, ինչպես նաեւ հաշմանդամների համար նախատեսված հատուկ հարմարություններին:

Իր խոսքում Ա. Երիցյանը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետին, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել մարզային ՃԿԿ-ի հիմնադրման գործում:

«Շուտով «911» ծառայությունը կգործի մարզի բնակիչների համար, եւ Գեղարքունիքի մարզի բնակիչների ահազանգերը կընդունվեն մարզային ՃԿԿ-ի կողմից: Բոլորին խստագույնս հանձնարարում եմ՝ բնակիչների զանգերին պատասխանել առավելագույնս բարեհամբույր եւ պատշաճ կերպով, անգամ եթե ձեզ հետ կոպիտ են խոսում», - ասաց նախարարը՝ հավելելով, որ սա մեծ նվաճում է մարզի համար եւ մեծ աշխատանքի սկիզբը:

Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց նախարարին եւ ՏԿԱԻՆ անձնակազմին` բարձր գնահատելով արված աշխատանքը եւ կարեւորելով այն հանգամանքը, որ դեռեւս շատ անելիքներ կան մարզում «911» ծառայության հասանելիության եւ տեղայնացման ուղղությամբ:

ՃԿԿ-ի բացումից հետո ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը ծանոթացավ նաեւ մարզային փրկարարական վարչության հարակից կառույցին, որտեղ ապագայում նախատեսվում է կառուցել մանկական ճամբար:

Տպել
Ամենաշատ