News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանի ձերբակալման 72 ժամը լրանում է վաղը եւ պետք է ընտրվի խափանման միջոց: ԲՀԿ ղեկավար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առայժմ 37 պատգամավորի ստորագրությամբ Գլխավոր դատախազություն ներկայացված միջնորդությունից որեւէ նորություն չկա, այսօր սպասում են արձագանքների:

Անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե ԲՀԿ ղեկավարը ստորագրահավաքը անցկացնելիս որոշ պատգամավորներին շրջանցել է, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը մոտեցել է այն պատգամավորներին, ովքեր ցանկություն էին հայտնել միանալու ստորագրահավաքին:  «Իմ հայտարարությունը եղել է հրապարակային, ես դիմեցի խորհրդարանի պատգամավորներին՝ առաջարկելով տիկին Ենոքյանին կալանքից ազատելու ստորագրահավաքին միանալ: Դրանից հետո ԲՀԿ խմբակցություն են եկել բազմաթիվ պատգամավորներ տարբեր խմբակցություններից, իսկ երբ դահլիճը բերվեց ձեւաթուղթը, ես անձամբ մոտեցել եմ այն պատգամավորներին, ովքեր ցանկություն էին հայտնել միանալու ստորագրահավաքին եւ ասել էին, որ երբ ձեւաթուղթը լինի, պատրաստ են միանալ: Ես չեմ ցանկացել մոտենալ այն պատգամավորներին, ովքեր չէին դիմել, որպեսզի լրագրողների ներկայությամբ նրանց չդնեմ վատ վիճակի մեջ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ ստորագրահավաքին միացել են բազմաթիվ պատգամավորներ տարբեր խմբակցություններից՝ ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Լյուդմիլա Սարգսյան, ՀՀԿ-ից՝ Գարեգին Նուշիկյան, Խոսրով Հարությունյան, Սպարտակ Մելիքյան, Ռուբեն Հովսեփյան, Վրեժ Կիրակոսյան, Արտաշես Գեղամյան,  Սամվել Ֆարմանյան, Կարինե Աճեմյան, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյան եւ այլք:

Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը «Առավոտին» հայտնել էր, թե «այն պահին, երբ տիկին Զոհրաբյանը թերթիկը ձեռքին մոտենում էր ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, ես դահլիճում նստած էի եւ սպասում էի, որ ինձ էլ կմոտենա: Ես միտումնավոր էի նստել դահլիճում, որպեսզի ինձ էլ մոտենա եւ ես ստորագրեմ թերթիկը: Ցավոք, տիկին Զոհրաբյանն ինձ շրջանցեց: Հասկանալի է, որ ես էլ առաջին դասարանի աշակերտի նման չպիտի վազեի իր ետեւից ու ասեի`թերթիկը տուր ստորագրեմ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 4-ին ոստիկանություն բերման է ենթարկվել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար Գոհար Ենոքյանը։ Մեր տեղեկություններով՝ Գոհար Ենոքյանին ձերբակալել են Հատուկ քննչական ծառայությունում տեւական ժամանակ քնվող մի գործի շրջանակներում, որը կապված է նախկին պատգամավորի եղբորորդու հետ: Գործում շոշափվում է նաեւ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Յուվեցի Կարոյի անունը: Երեկ Գոհար Ենոքյանին է այցելել Նաիրա Զոհրաբյանը, ով մտահոգություն է հայտնել նրա առողջական վիճակի մասին:

Նշենք, որ Գոհար Ենոքյանը 1997-2007թթ. Եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն, իսկ 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

 

Տպել
Ամենաշատ