News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանին դեռեւս չեն հարցաքննել, որեւէ քննչական գործողություն այս պահի դրությամբ արված չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Գեղամ Հակոբյանը:

Նա նշեց, որ Գոհար Ենոքյանի առողջական վիճակը մնում է լարված, խնդիրներ ունի ճնշման հետ կապված: «73 տարեկան կին է, բնականաբար այլ հիվանդություններ կունենա»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ «Շտապօգնություն» է հրավիրել, ճնշումն են իջեցրել:

Գեղամ Հակոբյանը շեշտեց, որ այս ամեն ինչը ապօրինություն է, ոչ ձերբակալման, ոչ էլ առավել եւս մեղադրանք առաջադրելու հիմք չկա: Իսկ թե ինչ է հայտնաբերվել Գոհար Ենոքյանի տունը եւ աշխատավայրը խուզարկելիս, ինչ ձայնագրությունների մասին է խոսքը, փաստաբանն ասաց, որ Ենոքյանի տունը եւ աշխատավայրը երկու անգամ մանրակրկիտ խուզարկվել են, արձանագրությունները իրենց մոտ են, որեւէ բան չկա, քննությանը վերաբերող կամ հետաքրքրող որեւէ իր չի առգրավվել: «Ձայնագրությունների մասին ես տեղեկություններ չունեմ, նման բան, իմ համոզմամբ, գոյություն չունի, համենայն դեպս, խուզարկությամբ որեւէ բան չի առգրավվել»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ գործի շրջանակներում կալանավորված է Ենոքյանի եղբորորդին, ում հետ կապված այլ հանգամանքների վերաբերյալ ձայնագրություններ կան:

Գեղամ Հակոբյանը նշեց, որ Գոհար Ենոքյանը եւ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը իրար հետ որեւէ խնդիր բացարձակ չեն ունեցել, սա բոլորովին այլ պատմություն է, կապված մի բարեկամի հետ, համատեղ գործունեություն են ծավալել, գումարային խնդիրներ ունեցել, հիմա քանի որ Գոհար Ենոքյանը գույքը, ունեցվածք ունի, ցանկանում են նրան ներքաշել այդ պատմության մեջ եւ շանտաժով նրա գույքը հափշտակել, որին ներքաշված է մեր իրավապահ համաարգը: «Իրավապահ համակարգը մեկ այլ անձի պատվեր կատարելու խնդիր ունի, Գոհար Ենոքյանի դեմ անձնական խնդիրը չէ, այլ անձի հովանավորելու եւ նրա օգտին գործողություններ կատարելու նպատակն է: Գոհար Ենոքյանի դեմ որեւէ ցուցմունք գոյություն չունի: Մարդուն մեղադրում են  սպանության նախապատրաստության մեջ, այսինքն՝ ասում են սենց բան եք մտածել, պատկերացնում եք՝ աբսուրդը ուր է հասել, այսինքն՝ մտածելու համար, սա զուտ պատվեր է, ցավոք, Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի կողմից իրականացվող »,-ասաց Գեղամ Հակոբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար Գոհար Ենոքյանը։ Մեր տեղեկություններով՝ Գոհար Ենոքյանին ձերբակալել են տեւական ժամանակ քննվող մի գործի շրջանակներում, որը կապված է նախկին պատգամավորի եղբորորդու հետ: Գործում շոշափվում է նաեւ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ «Յուվեցի Կարոյի» անունը: Ըստ տեղեկությունների՝ Գոհար Ենոքյանը կասկածվում է «Յուվեցի Կարոյի» սպանությունը նախապատրաստելու մեջ:

Ըստ ՀՔԾ-ի՝ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով նախաքննությունը շարունակելու համար ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով 2015 թվականի մայիսի 4-ին սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոհար Ենոքյանը:

Նշենք, որ Գոհար Ենոքյանը 1997-2007թթ. Եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն, իսկ 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Տպել
Ամենաշատ