News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր` մայիսի 6-ին, ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեցին Երեւանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները։ Հանձնաժողովի որոշմամբ, մի շարք մրցույթներում, որոնց մասնակցել է շուրջ 144 ընկերություն, մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ հարուցվեց վարչական վարույթ:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են 2011-2014թթ. ընթացքում փողոցների ասֆալտապատման, շենքերի, բակային տարածքների, վերելակների, շենքերի տանիքների նորոգման, խաղահրապարակների կառուցման եւ այլ շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթները:

Մրցույթների զգալի մասը կրել է ձեւական բնույթ

Ուսումնասիրությունը ներառել է շուրջ 620 մրցույթ, որոնցից 357-ում (ընդհանուր մրցույթների 57%-ը) մասնակիցների միջեւ մրցակցությունն ընդհանրապես բացակայել է: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարվել է 49 մրցույթ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է  ավելի քան 20 մլրդ դրամ: Նշված 49 մրցույթներին մասնակցել են 19 ընկերություններ: Հատկանշանական է, որ որեւէ մրցույթում մասնակիցների գնային առաջարկները չեն խաչվել, եւ նրանք հաղթող են ճանաչվել՝ առանց միմյանց հետ մրցակցելու: Օրինակ, «Խաչհար» ՍՊԸ-ն մասնակցել է  9 հնարավոր մրցույթներից միայն մեկին, չնայած տեխնիկապես եւ ֆինանսապես հնարավորություն ուներ մասնացելու բոլորին: Ստացվում է, որ, տնտեսվարողները միմյանց միջեւ համաձայնության են եկել, թե մրցույթներից յուրաքանչյուրին որ ընկերությունն է հայտ ներկայացնելու եւ հաղթելու:  «Խաչհար» ՍՊԸ-ի օրինակով ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթներում նման վարքագիծ են դրսեւորել նաեւ «Սահակյանշին», «Վահագն եւ Սամվել», «Շինֆորում», «Ճանապարհ», «Նարիմանյան», «Ա.Ա.Բ. Պրոեկտ», «Տեր-Հայրապետյան Շին», «Լիլիթ- 87», «Ավա-2000», «Վլհաք», «Կապավոր», «Լոնգ Մաիլ», «Ռուբիկ եւ Իշխան», «Արփի-Անի» եւ այլ ընկերություններ։

Նմանատիպ օրինակներից մեկն էլ վերաբերում է շենքերի ֆասադների  նորոգման եւ քարերի մաքրման աշխատանքների համար հայտարարված 125 մրցույթներին: Այս մրցույթներից ոչ մեկում մասնակիցների գնային առաջարկները չեն խաչվել: Օրինակ, «Լեվ» ընկերությունը մասնակցել է այնպիսի 8 մրցույթների,  որոնց այլ մասնակիցներ չեն դիմել: Նույն կերպ էլ բոլոր մյուս տնտեսվարողները այսպես ասած բաժանել են մրցույթները` նախապես իմանալով, թե որ դեպքում ով է հաղթելու: Մինչդեռ, բավարար մրցակցության պայմաններում գնային առաջարկները կլինեին ավելի ցածր: «Լեվ» ՍՊԸ-ի օրինակով շենքերի ֆասադների նորոգման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթներում նմանատիպ վարքագիծ են դրսեւորել նաեւ «Ագարակ», «Ակոռ-Շին», «Ավրակշին», «Արթմաշին», «Արսեվ», «Աֆալան», «Գրիշա Գոռ Սարգսյաններ», «Երտիգշին», «Էռգուս», «Կարալանս», «Հաջառհար Շին», «Մեվրիկար», «Շինաշխարհ», «Շինհայ Պո», «Ջեմսիկո», «Սմալա», «Վակո» եւ «Վարաքշին» ընկերությունները:

Ընկերությունները վարել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն՝ շուկան բաժանելով միմյանց միջեւ եւ հաջորդաբար հաղթելով տարբեր մրցույթներում

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաեւ, որ միեւնույն մրցույթին մասնակցել է մի քանի տնտեսվարող` տպավորություն ստեղծելով իբրեւ թե առկա է մրցակցություն,  սակայն այս դեպքում դարձյալ գործել են փոխադարձ պայմանավորվածությամբ: Տնտեսվարողներից մեկը հաղթել է մի մրցույթում, իսկ հաջորդում միտումնավոր պարտվել` իր տեղը զիջելով  իր հաղթած մրցույթում պարտված ընկերություններից մեկին:  Արդյունքում, մասնակից բոլոր ընկերությունները հաջորդաբար հաղթել են մրցույթներում`շուկան բաժանելով միմյանց միջեւ եւ, ըստ էության,  սահմանափակելով այլ տնտեսվարողների մուտքը շուկա։ Որպես օրինակ, նշենք, որ մի շարք շինությունների քանդման աշխատանքների իրականացման համար հայտարարված  28 մրցույթներին մասնակցել են «Երեւանի Ջրշին», «Անի-Աշկա», «Բելլիս», «Լեվ» եւ այլ ընկերություններ: Նշված 28  մրցույթներից 9-ում «Երեւանի Ջրշին» ընկերությունը եղել է միակ մասնակիցը եւ ճանաչվել է հաղթող:  Իսկ մնացած 19-ից  յուրաքանչյուրում «Երեւանի Ջրշին» ընկերության հետ միասին մասնակցել է վերոնշյալ ընկերություններից որեւէ մեկը եւ ճանաչվել է հաղթող, իսկ «Երեւանի Ջրշին» ընկերությունը պարտվել է՝ միեւնույն աշխատանքների համար ներկայացնելով շատ ավելի բարձր գնային առաջարկներ՝ իր հաղթած մրցույթների համեմատ: Նույն պատկերն արձանագրվել է նաեւ շենքերի տանիքների վերանորոգման մրցույթներում, որոնցում մասնակցել են «Հիմնաքարեր», «Օրբիս», «Վ. Վարդանյան», «Նիկ Դավ Գրուպ», «Դարի շունչ» եւ մի շարք այլ ընկերություններ, եւ հաջորդաբար հաղթելով այդ մրցույթներում՝ շուկան բաժանել են միմյանց միջեւ:

Ընկերությունները պարզաբանումներ են ներկայացրել Հանձնաժողովին

Տնտեսվարողները նման վարքագիծը հիմնականում պայմանավորել են տեխնիկական եւ ֆինանսական ոչ բավարար միջոցների առկայությամբ։ Մինչդեռ, պարզվել է, որ մի շարք դեպքերում ներկայացված տեղեկատվությունը չի կարող հիմնավոր դիտարկվել։ Օրինակ, շենքերի ֆասադների մաքրման աշխատանքներ իրականացրած «Էռգուս» ընկերությունը նշել է, որ տեխնիկապես կարող էր մասնակցել միայն  չորս հարկանի շենքերի մաքրման համար հայտարարված մրցույթներին: Սակայն, բազմաթիվ դեպքերում վերջինը սպասարկել է ավելի բարձր հարկեր ունեցող շենքեր, ինչից ակնհայտ է դառնում, որ նման պատճառաբանությունը հիմնավոր չէ:

Մրցակցության բացակայության արդյունքում մրցույթներում հաղթել են բարձր գին ներկայացրած տնտեսվարողները

Պետգնումների շրջանակում շինաշխատանքներ իրականացնող ընկերությունների վարքագիծը նպաստել է պետական միջոցների անարդյունավետ օգտագործմանը: Պարզվել է, որ այն մրցույթներում, որոնցում մրցակցությունը բացակայել է, մասնակիցների գնային առաջարկները ակնհայտ մոտ կամ նույնիսկ հավասար են եղել այդ աշխատանքների կատարման նախահաշվային արժեքին, եւ հակառակը, այն դեպքերում, երբ առկա է եղել մրցակցություն, գնային առաջարկները ցածր են եղել շինաշխատանքների նախահաշվային արժեքներից, ինչն էլ պետական միջոցներն առավել արդյունավետ տնօրինելու հնարավորություն է տվել։ Նման գործելաոճը նպաստել է այս դաշտում անառողջ մրցակցային միջավայրի ձեւավորմանը, քանի որ ընկերություններն, ըստ էության, մրցույթներում հաղթել են առանց միմյանց հետ մրցակցելու:

Վարույթի ընթացքում Հանձնաժողովի կողմից մանրամասն կուսումնասիրվի ձեռքբերված տեղեկատվությունը եւ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոց կկիրառվի օրինախախտ տնտեսվարողների հանդեպ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ