News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին՝ հակառակորդի դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա  իրիսներ են ծաղկել: Դիրքը պահող ժամկետային զինծառայողներն իրենց ձեռքով են ցանել դրանք ու ազատ ժամանակ, երբ խրամատում չեն, հերթով խնամում, ջրում են ծաղիկները: 

Շփման գծում վտանգի մշտական առկայության, ծառայության կոշտ պայմաններում ծաղիկները փոքրիկ շքեղություն են, որ իրենց թույլ են տալիս զինծառայողները:

«Հայրենիքը, ծառայությունը պոստից է սկսվում: Փորձում ենք այստեղ ընտանեկան մթնոլորտ ստեղծել: Պոստը մեր տունն է, այստեղ մի ընտանիք ենք: Ոնց որ տանը, այստեղ էլ պետք է մի բան ստեղծենք, սարքենք»,- ասում է 20-ամյա Էդգար Հովհաննիսյանը:

Դիրքում գործը շատ է. սահմանը պահելուց բացի զինծառայողները կարգի են բերում   փոքրիկ հողատարածքը, որտեղ իրենց մարզաձողն է, լվացարանը:

Զինծառայողները երբեմն ստիպված են լինում դիրքերում նշել ծննդյան տարեդարձները, Ամանորը, ավանդական տոները:

 «Վերջին անգամ Սուրբ Զատիկն ենք նշել մոտ մի ամիս առաջ: Ոնց որ տանը, էդպես էլ էստեղ, ձու ենք ներկել»,- պատմում է Էդգար Հովհաննիսյանը:

Էդգարը, որ երկու ամսից կզորացրվի, նաեւ իր 20-ամյակն է դիրքերում նշել. «Ընկերական մթնոլորտում՝ պեչենիով, խտացրած կաթով տորթ էին սարքել, մենք մեր միջոցներով նշում էինք»:

Էդգարը երկու ամիս առաջ արդեն որոշել է՝ զորացրվելուց հետո տուն է մտնելու մեծ ծաղկեփնջով, զինվորական հագուստով: Էդգարը վստահ է՝ զորացրվելուց հետո նույնքան կարոտելու է ծառայակից ընկերներին, իրենց զորամասը, դիրքերը, որքան այսօր կարոտում է տունն ու հարազատներին. «Ծառայությունից հետո էլ կգամ, կտեսնեմ տղերքին: Անընդհատ մտածելու եմ՝ ոնց են, ինչ վիճակում են: Արդեն ընտելացել ենք, պայմաններին սովորել ենք, լիքը հիշողություններ կան»:

20-ամյա պատանիների համար սահման պահելը հեշտ չէ, բայց դժվարություններից չեն վախենում, իսկ հայառակորդին դիմակայելու ուժ նրանց տալիս է իրենց գործի կարեւորության գիտակցումը:

«Այստեղ գիտես, որ պետական սահմանն ես պաշտապնում, որ ընտանիքդ, ընկերներդ, բարեկամությունդ տանը հանգիստ քնում են: Իմ համար ծառայությունը հենց դա է»,- նշում է Էդգարը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ