News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելի գործող վարչապետ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ  Բենյամին Նեթանյահուին հաջողվել է նոր կառավարություն ձեւավորելու շուրջ համաձայնության հասնել:

Ուլտրաաջերի «Հրեական տուն» կուսակցության՝ կոալիցիայում ընդգրկվելու համաձայնությունը ձեռք է բերվել միջկուսակցական խորհրդակցությունների համար նախատեսված ժամկետի լրանալուց երկու ժամ առաջ, հաղորդում է Reuters-ը:

Այն պահից, երբ «Լիկուդը» հարաբերական մեծամասնություն ստացավ ընտրություններում, Նեթանյահուն երկու ամիս շարունակ փորձում է էր կոալիցիա ձեւավորել: Ավելի վաղ համաձայնություն էր ձեռք բերվել այնպիսի կուսակցությունների հետ, որոնցից են ուլտրա-ուղղափառ «Հրեական Թորան», ՇԱՍ-ը, ինչպես նաեւ կենտրոնամետ «Կուլանու»-ն:

Միաժամանակ, այս շաբաթ «Լիկուդի» հետ համագործակցությունից հրաժարվել է նրա նախկին ավանդական դաշնակից Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը:

Միայն վերջին պահին «Հրեական տուն» կուսակցության հետ ձեռք բերված համաձայնություն է թույլ տվել Նեթանյահուին նվազագույն մեծամասնություն ապահովել Կնեսետում՝ կառավարության կազմը հաստատելու համար:

«Հրեական տուն» ուլտրաազգային կուսակցությունը՝ Նաֆտալի Բենեթի գլխավորությամբ, հանդես է գալիս պաղեստինյան օկուպացված տարածքների մի մասի անեքսիայի օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ