News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ կաթողիկոսը մայիսի 5-ին ժամանել է ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմ` նախագահելու Վաշինգթոնում կազմակերպված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները:

Նրան եւ ուղեկցող պատվիրակությանն օդանավակայանում դիմավորեցին թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, թեմի էկումենիկ կապերի պատասխանատու Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Վաշինգթոնի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Յովսեփ քահանա Կարապետյանը, հավատացյալ հայորդիներ:

Մայիսի 6-ին Վեհափառ Հայրապետը եւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանն այցելեցին Վաշինգտոնի Հոլոքոստի յիշատակի թանգարան: Անմար կրակի առջեւ Նորին Սրբութիւնն աղօթեց Հոլոքոստի եւ աշխարհում տեղի ունեցած այլ ցեղասպանութիւնների ու բռնութիւնների անմեղ զոհերի հոգիների հանգստութեան համար: Այցելութեան աւարտին Վեհափառ Հայրապետը արձանագրութիւն կատարեց թանգարանի յուշամատեանում:

Նորին Սրբութիւնը եւ Հայաստանի Հանրապետութեան նախագահը Հոլոքոստի յիշատակի թանգարանից ուղեւորուեցին Կոնգրէսի Գրադարան եւ ծանօթացան գրադարանում պահուող հայկական ձեռագրերին ու գրական ժառանգութեանը:

Նոյն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցաւ Ամերիկայի հայկական լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանեց Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների, Թուրքիայից եկեղեցական կալուածքները պահանջելու, Սփիւռքում Հայոց Եկեղեցու առաքելութեան վերաբերեալ հարցերին: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ Խաժակ Սրբազանը եւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման յանձնաժողովի ատենապետ Նուբար Աֆեյեանը:

Մայիսի 6-ի երեկոյեան Վաշինգտոնի Ս. Մարիամ Աստուածածին եկեղեցում տեղի ունեցաւ «Հրաշափառի» արարողութիւն: Նորին Սրբութեան օրհնութիւնն ստանալու էին եկել թեմի հոգեւոր դասը, թեմական-պատգամաւորական ժողովի մասնակիցները, հաւատացեալ հայորդիներ Վաշինգտօնից եւ թեմի այլ ծուխերից ու համայնքներից:

Նորին Սրբութեանը ողջոյնի եւ բարի գալստեան խօսք ուղղեց ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը` իր երախտագիտութիւնը յայտնելով Վեհափառ Հայրապետին, որ ընդառաջ հրաւէրի` սիրով ժամանեց Վաշինգտոն` նախագահելու Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողութիւնները:

Արարողութեան ընթացքում հաւատացեալներին իր հայրապետական օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց Վեհափառ Հայրապետը` գոհութիւն յայտնելով Բարձրեալ Աստծուն, որ առիթ է շնորհում վերստին հովուապետական այցով լինելու ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմում եւ հանդիպելու հոգեւոր դասի եւ հաւատաւոր հայորդիների հետ:

«Այսօր վերստին Վաշինգտոնում ենք՝ ներհամայնքային եւ միջեկեղեցական միջացոռումներով ոգեկոչելու Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը եւ նահատակ սուրբերի բարեխօսութիւնը հայցելու ամէնքիդ համար:

Օսմանեան կայսրութեան կողմից կազմակերպուած եւ իրականացուած Հայոց Ցեղասպանութեան պատճառած ահռելի ցաւն ու տառապանքը, աննկարագրելի ավերածութիւնները, տեղահանութիւններն ու հայրենազրկումն ուղղակիօրէն իրենց առնչութիւնն ունեն մեզանից իւրաքանչիւրի ընտանեկան պատմութեան հետ: 100 տարի մեր խնդիրն է եղել աշխարհին իրազեկել այն եղեռնագործութեան մասին, որ տեղի ունեցաւ 20-րդ դարասկզբի արիւնալի արշալոյսին: Այս իրազեկման գլխաւոր նպատակը, սակայն, հայոց անսփոփ վշտի ու անմորմոք ցաւի բարձրաձայնումը չէ միայն: Մենք, որպէս ցեղասպանուած ժողովրդի զաւակներ, առաքելութիւն ունենք աշխարհին յիշեցնելու մարդկութեան դէմ գործուած մեծագոյն ոճրի մասին եւ զգուշացնելու, որ Ցեղասպանութեան յանցանքի ժխտումն ու ոճրագործին անդատապարտ թողնելը դուռ բացեց նորանոր այլ եղեռնագործութիւնների համար, ինչպիսիք էին Հոլոքոստը, Կ'ամբոջիայի, Ռուանդայի եւ այլ ցեղասպանութիւնները:

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները մի նոր հանգրուան են մեր պահանջատիրութեան համար: 100-րդ տարելիցը աւարտը չէ մէկդարեայ պայքարի, այլ նոր սկիզբ է մեր արդար պահանջատիրութեան», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Իր խօսքում Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները կոչուած են նաեւ երախտիքի խօսք ուղղելու բոլոր այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք հայ ժողովրդի պատմութեան եղերական օրերին օգնութեան ձեռք մեկնեցին, սատարեցին եւ օթեւան տուեցին ցեղասպանութիւնը վերապրած բազմահազար հայորդիների: «Ամերիկայի Միացեալ Նահանգները առաջիններից էին, որ հանգանակութիւն ու մարդասիրական օգնութիւն կազմակերպեցին, հանգրուան տուեցին եղեռնահար մեր նախնիներին, որոնց սերունդներն էք դուք, որ շարունակում էք ապրել եւ իրականութիւն դարձնել ձեր ծնողների՝ ի սէր հայ կեանքի պայծառութեան ու հայրենիքի շինութեան ունեցած անաւարտ երազանքներն ու անկատար գործերը»,-յաւելեց Հայոց Հայրապետը` վերստին իր ուրախութիւնը յայտնելով ամերիկաբնակ հայորդիներին եկեղեցու կամարների ներքոյ միասիրտ եւ համախմբուած տեսնելու առիթով:

«Միասնականութիւնը կարեւոր նախապայման է մեր պահանաջատիրութեան յաղթանակի ճանապարհին: Ազգային մեր կեանքում այսօր էլ առկայ են բազում մարտահրաւէրներ ու խնդիրներ, որոնց մէջ առաջնահերթ են ինչպէս Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, դատապարտումն ու հատուցումը եւ Արցախի հիմնախնդրի կարգաւորումը, Հայաստանի անօրինական շրջափակման վերացումը, այնպէս եւ Սփիւռքի կենսունակ եւ հայաշունչ կեանքի պահպանութիւնը: Փոխադարձ սիրոյ եւ միմեանց հանդէպ ունեցած վստահութեան մթնոլորտում, միաբան գործակցութեամբ ու համատեղ ջանքերով պիտի կարողանանք յաղթահարել մեր ժողովրդի առջեւ ծառացած այս դժուարութիւնները ու մեր նախնիների արդար դատը շահել ճշմարտութիւնն ուրացող նորօրեայ ոճրագործների դէմ», - պատգամեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` աղօթքով հայցելով Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսութիւնը, որ Ամենաբարին Աստուած զօրաւոր Իր Սուրբ Աջով պահապան լինի եւ խաղաղութեան մէջ պահի Հայոց երկիրն ու աստուածասէր հայ ժողովրդին, իսկ համերաշխութեան ու եղբայրսիրութեան ոգին Տիրոջ օրհնութեամբ անբաժան ուղեկիցը լինեն համայն մարդկութեան:

Խօսքի աւարտին Նորին Սրբութիւնն իր գնահատանքն ու օրհնութիւնը բերեց Միացեալ Նահանգների թեմակալ բարեջան առաջնորդներին եւ Վաշինգտոնում Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների բոլոր կազմակերպիչներին:

Վերջում հոգեւոր դասը եւ ներկայ հաւատաւոր ժողովուրդը մօտեցան աջհամբիւրի` արտայայտելով Ամենայն Հայոց Հայրապետի հովուապետական այցելութեան առիթով իրենց բերկրանքն ու ուրախութիւնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ