News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնագետները նոր սարք են մշակել, որը փրկում է էլեկտրական սարքավորումներից հոսանքահարումից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նախագծի հեղինակ, համալսարանի էլեկտրական մեքենաների եւ սարքավորումների ամբիոնի աշխատակից Ավգեն Գասպարյանը: Առայժմ սարքը պարզ անվանում ունի. «Պաշտպանիչ սարք էլեկտրական հոսանքահարումից»:

Սարքը տեղադրվում է անմիջապես էլեկտրական սարքավորման վրա: Այն անմիջապես անջատում է էլեկտրական սարքավորումը, եթե դրա պատյանի եւ էլեկտրամեկուսացման հատվածների, կամ մարդու եւ սարքի պատյանի միջոցով 5 միլիամպեր եւ ավելի հոսանք է անցնում: Այդ դեպքում 10-20 երկվայրկյանի ընթացքում սարքը մեխանիկորեն անջատվում է:

Ամբիոնի ղեկավար Մարինկա Բաղդասարյանի խոսքով, սարքն արդեն արտոնագրված է: Իսկ 1.2 ամիս առաջ դրանով հետաքրքրվել են ռուսական «Սկոլկովո»-ի ներկայացուցիչները: «Նրանք խնդրել են ուղարկել սարքավորման համեմատական բնութագրերը: Մենք պատրաստ ենք քննարկել նրանց առաջարկությունները»,- նշեց նա:

2013 թվականին նախագիծը 15 մլն դրամի չափով թեմատիկ պետական ֆինանսավորում է ստացել: ՀՊՃՀ-ն կարող է 5 մլն դրամի չափով համաֆինանսավորել նախագիծը: «Նախագիծն ավարտվել է 2015 թվականի ապրիլին, եւ այն արդեն կոչել են ամենահաջողվածներից մեկը: Որովհետեւ մենք արդյունք ունենք»,- հավելեց Բաղդասարյանը:

Սերիական արտադրության դեպքում 220 վոլտի եւ 25 ամպերի ցանցի համար սարքի տարբերակը կարող է 5.6 հազար դրամ արժենալ (12-13 դոլար): Գասպարյանը նշեց, որ արտասահմանյան նույնանման արտադրանքն արժե 30-35 հազար դրամ:

Համալսարանի ղեկավարությունը գիտնականներին հանձնարարել է 100 նախատիպ հավաքել, որպեսզի ավելի դյուրին լինի ներդրողներ եւ սերիական արտադրության համար հարթակ գտնել:

«Այդ խնդիրն իրականացնում ենք: Հնարավոր ամեն ինչ ձեռք ենք բերում: Մեզ օգնեց նաեւ «Հայէլեկտրոսարքավորում» արտադրական միավորումը: Դրա աշխատանքի ծավալները նույնը չեն, ինչ խորհրդային տարիներին, սակայն, ինչպես եւ մենք, անում են՝ ինչ կարող են»,- հավելեց Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ