News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Ավստրիայի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ մայրաքաղաքում անցկացվել է «Արդյունավետ կառավարում եւ մասնակցություն. Սեւծովյան տարածաշրջան» խորագիրը կրող տարածաշրջանային համաժողովը: Հայաստանում առաջին անգամ  կազմակերպված համաժողովին մասնակցել են Ավստրիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Մոնտենեգրոյից, Ուկրաինայից, Թուրքիայից, Վրաստանից եւ Հայաստանից շուրջ վեց տասնյակ ներկայացուցիչներ:  Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ՀՀ համայնքների միության նախագահ, Արեւելյան գործընկերության տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների կոնֆերանսի համանախագահ Էմին Երիցյանը:

Համաժողովին ներկայացվել են պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ էլեկտրոնային կառավարման մասով:

«Մենք համոզված ենք, որ որոշումների կայացման գործում քաղաքացիների մասնակցությունը պետք է դառնա ժամանակակից ժողովրդավարության եւ կառավարման անբաժանելի բաղադրիչը: Այս առումով որոշակի ձեռքբերումներ մենք արդեն իսկ ունենք: Մասնավորապես, էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով Երեւանն աշխարհի 100 խոշոր քաղաքների շարքում լավագույն հնգյակում է, իսկ մատչելիության կամ օգտագործման հարմարավետության չափորոշիչով Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը նույն շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Այս մասին փաստում է նախորդ տարեվերջին հրապարակված «Քաղաքների էլեկտրոնային կառավարում» 2013-2014 թվականների ուսումնասիրությունը, որը 2003 թվականից ի վեր իրականացվում է ԱՄՆ-ի հեղինակավոր Ռութգերս համալսարանի հանրային հարաբերությունների եւ վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից: Վստահ եմ, որ համաժողովը կնպաստի սեւծովյան տարածաշրջանի քաղաքների միջեւ փոխգործակցության խթանմանն ու նոր կապերի հաստատմանը, քանի որ շատ նպատակներ նույնական են»,-նշել է քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Վիեննայի «Go-Governance» ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Մելանի Սուլլին, անդրադառնալով Երեւանում համաժողովի անցկացմանը, կարեւորել է այն՝ նշելով, որ թեմայի շրջանակում Երեւանն արդեն որոշակի արդյունքներ է գրանցել, ինչն էլ վերը նշված ուղղություններով հետագա համագործակցության  ամուր հիմք կդառնա:

Համաժողովի շրջանակում ներկայացվել է նաեւ «Կառավարում եւ մասնակցություն. Սեւծովյան տարածաշրջան» նոր հրատարակված գիրքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ