«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով նախապես չխոստացած պարտակում մեղադրանքով 5 կալանավորվածներին երեկ՝ մայիսի 15-ի, երեկոյան ազատ են արձակել: Մեր տեղեկություններով՝ նրանց կալանքի ժամկետը լրանում է մայիսի 17-ին, նախաքննական մարմինը կալանքը երկարացնելու միջնորդություն չէր ներկայացրել դատարան եւ քանի որ մայիսի 17-ը հանգստյան օր էր, ապա մեղադրյալներին ազատել են վերջին աշխատանքային օրը՝ երեկ: 5 հոգու հանդեպ էլ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Այսպիսով, երեկ ազատության մեջ են հայտնվել նախապես չխոստացած պարտակում մեղադրանքով ավելի վաղ ձերբակալված Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբյարնեը՝ Կարեն եւ Սուրեն Երեմյանները, ովքեր «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերն են, Արտյոմ Կարապետյանը, Ալեքսեյ Մկրտչյանը, Նարեկ Հովսեփյանը:
Նշենք, որ նախաքննական մարմինը դիմել է դատարան, որպեսզի երկարացնի մեղադրյալներ Գաստիկի, Ծգլի ու Տլեի խափանման միջոց կալանքը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել էին։ Մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ: Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։
Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը մարտի 12-ին հետախուզում էր հայտարարել ՀՀ քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ: Նրանք 11 օր հետախուզման մեջ գտնվելուց հետո ինքնակամ ներկայացել էին Ազգային անվտանգության ծառայություն, այժմ կալանավորված են: Իսկ դրանից առաջ էլ կալանավորվել էին եւս 5 հոգի: Նրանցից երկուսը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբյարներն են՝ Կարեն եւ Սուրեն Երեմյանները, ովքեր «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերն են, մյուսներն են Արտյոմ Կարապետյանը, Ալեքսեյ Մկրտչյանը, Նարեկ Հովսեփյանը:





























