News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Հարադային՝ պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման եւ արդյունավետ գործունեության համար: Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ Տիկահիտո Հարադայի դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում Հայաստանում բացվեց Ճապոնիայի դեսպանություն, 2012թ. կայացավ ՀՀ նախագահի այցը Ճապոնիա, ինչը նոր խթան հանդիսացավ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության օրակարգի ընդլայնման համար:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել նաեւ վերջին շրջանում հայ-ճապոնական միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման, մասնավորապես՝ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամության խմբերի գործունեության մասին: ՀՀ նախագահը եւ Ճապոնիայի դեսպանը համակարծիք են եղել, որ դինամիկ զարգացող հարաբերությունները եւ փոխգործակցության ընդլայնվող օրակարգը անհրաժեշտաբար հանգեցնում են երկկողմ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, ինչը, նրանց համոզմամբ, կխթանի նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ մեր երկրի զարգացման ծրագրերին աջակցության, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության համար:

Հանդիպման ավարտին նախագահը հաջողություններ է մաղթել դեսպան Հարադային եւ ընդգծել, որ նա ավարտում է պաշտոնավարումը, սակայն, իր համոզմամբ, շարունակում է մնալ Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամը:

Տիկահիտո Հարադան վստահեցրել է, որ մեր երկրում իր դիվանագիտական առաքելության ավարտից հետո էլ կանի ամեն հնարավորը եւ կաջակցի Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանին՝ ի նպաստ հայ-ճապոնական միջպետական հարաբերությունների առավել ամրապնդման եւ երկու ժողովուրդների բարեկամության խորացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ