News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը սկսել է զսպել «Արեւելյան գործընկերության» ծրագրի անդամների նկատմամբ իր ամբիցիաները Ռուսաստանին  հետագա սադրանքի չենթարկելու համար։ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովում ԵՄ-ին անդամակցելու հեռանկարների փոխարեն ծրագրի անդամներին ավելի շատ պրագմատիզմ են մատուցում։ Այս մասին Wirtschaftsblatt ավստրիական պարբերականում հրապարակած հոդվածում  գրում է հոդվածագիր Վոլֆգանգ Տուչեկը՝ մայիսի 21-22-ը կայանալիք Ռիգայի գագաթնաժողովից առաջ անդրադառնալով «Արեւելյան գործընկերության» ծրագրի 6 անդամ երկրների՝ Ռիգայից ունեցած ակնկալիքներին։

2013թ. Վիլնյուսում «Արեւելյան գործընկերության» վերջին գագաթնաժողովի ժամանակ ամբիցիաները ավելի մեծ էին։ Մայիսի 21-ին Ռիգայում ԵՄ 28 երկրների եւ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ուկրաինայի հետ հանդիպմանը ԵՄ-ն ցանկանում է ցույց տալ, որ Արեւելյան գործընկերությունը դեռ գործում է, եւ Եվրոպայում որեւէ նոր բաժանարար գիծ չի քաշվել, գրում է հոդվածագիրը։

Հեղինակը մեջբերում է Եվրոպական քաղաքականության հետազոտության կենտրոնի (Centre for European Policy Studies) ավագ փորձագետ Սթիվեն Բլոքմանսըին, որը կարծում է, որ նախորդ գագաթնաժողովը տապալվել է։ «Նախագիծը իր նախորդ մասով ձախողվել է։ Մոսկվան Վիլնյուսից առաջ Ուկրաինայի եւ ԵՄ-ի  միջեւ ասոցացումը ֆիասկոյի ենթարկեց, Հայաստանն էլ վերջին պահին որոշեց միանալ Մաքսային միությանը։ Այս պահին Ուկրաինայում իրավիճակը բարդ է մնում, այնպես որ ռուսական ստվերը մթնեցնում է նաեւ Ռիգայի գագաթնաժողովը։ Դրա համար այս անգամ այն պետք է հանգիստ եւ չեզոք ընթանա», մեջբերում է թերթը Բլոքմանսին։

Այսպես, շարունակում է հեղինակը, ԵՄ-ն հետ է քաշվում, որպեսզի չսադրի Ռուսաստանին։ Եթե 2 տարի առաջ Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի համար ԵՄ անդամ դառնալու հեռանկարներից էր խոսվում, ապա հիմա այդ մասին չի հիշատակվում եւ ինչպես հայտարարաել էր բարձրաստիճան եվրոպական պաշտոնյաներից մեկը, այդ հարցը դրված չէ օրակարգում։ Եթե գործընկեր այդ 3 երկրները արդարադատության, կաշառակերության դեմ պայքարի, տնտեսական օրենսդրության ոլորտում կատարեն անհրաժեշտ բարեփոխումները,  այդ ժամանակ նորից այդ մասին խոսելը հնարավոր կդառնա։ Վրաստանն ու Ուկրաինան դեռ չեն կարող վիզային ռեժիմի չեղարկման հույսեր փայփայել, քանի որ այդ երկրներում բացակայում են թմրանյութերի վաճառքի, թրաֆիքինգի, կաշառակերության եւ կազմակերպված հանցագործության դեմ պայքարում ունեցած առաջընթացը։

Ինչ վերաբերում է Մոլդովային, ապա այդ երկիրը 2014թ. ապրիլից օգտվում է անվիզա ռեժիմից։ Իհարկե ոչ ոք չի կարող ասել, թե այնտեղ թմրանյութերի վաճառքը, թրաֆիքինգը, կաշառակերությունը բացակայում են, գրում է հոդվածագիրը։ Անդրադառնալով  Հայաստան-ԵՄ հանդիպմանը, հեղինակը գրում է, որ Երեւանի հետ բանակցությունները պետք է անհատական ուղղությամբ ընթանան։

Թեպետ Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, Եվրամիությունը ուզում է Երեւանի հետ համագործակցության պայմանագիր կնքել։ Համաձայնագիրը իհարկե բացառելու է ազատ եւ համապարփակ առեւտուրը, սակայն անվտանգության, տնտեսության եւ առեւտրի ոլորտներում համագործակցությունը հնարավոր կլինի ինչ որ կերպ կարգավորել, նշում է պարբերականը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին եւ Բելառուսին, ապա անհասկանալի է, թե նրանց հանդեպ ինչ մոտեցում կմշակվի։ Բաքուն ԵՄ-ի համար առաջին հերթին էներգետիկ կարեւոր գործընկեր է։ Բելառուսը  վերջերս ԵՄ-ի առջեւ առավել բաց քաղաքականություն վարելու ազդակներ է ուղարկում, սակայն միեւնույնն է, շատ ուշադիր է, թե իր այդ ազդակներին ինչպես կարձագանքի Ռուսաստանը։ Ինչպես նեղ շրջանակում հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մոսկվան Բելառուսի համար ավագ եղբոր պես մի բան է, որը երբեք չգիտի, թե ինչ կա իրականում կրտսեր քրոջ մտքին։

«Արեւելյան գործընկերության» կոնցեպցիան 2004թ. Եվրամիության ընդլայնման էյֆորիայի ֆոնին լայն աջակցություն գտավ։ Սակայն դրանից ի վեր շատ  բան է փոխվել։ Եթե մենք կարողանանք խուսափել հետագա էսկալացիայից, դա արդեն մեծ հաջողություն է»,- եզրափակում է թերթը՝ մեջբերելով «Արեւելյան գագաթնաժողովում» եվրոպացի դիվանագետի հայտարարությունը, ով ցանկացել է անհայտ մնալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ