Պետք չէ կողքից հայտարարություններ անել, քանի դեռ իրավապահները հետաքննում են գործը։ Այս մասին մայիսի 21-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մեքենայի վրա կրակոցներին։
«Կողքից ցանկացած մեկնաբանություն խանգարում է գործին։ Հետաքննությունը դեռեւս ավարտված չէ, բայց արդեն եզրակացություններ են անում, որ մարդիկ չեն վստահում արդարադատությանը, դրա համար էլ իրենք են որոշել կրակել։ Նման եզրակացություններ անել պետք չէ։ Գործի քննությունը չի ավարտվել»,- հայտարարեց Կոստանյանը։
Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ Գորիս-Կապան մայրուղու վրա կրակել էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մեքենայի վրա։ Տեղեկությունը հաստատել է մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը։ Կրակողների մասին ոչ մի տեղեկություն նա չունի։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կան վիրավորներ։