News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:

«Մեծարգո՛ նախագահ Դոլ,

Հարգելի՛ գործընկերներ,

Նախ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոլին այս ձեւաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի եւ այն բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Պարո՛ն նախագահ,

Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, եւ մենք հանձնառու ենք խորացնելու եւ էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը ԵՄ հետ: Արեւելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն մենք չենք համարում, որ այն իրեն սպառել է կամ այլեւս անելիք չունի: Պարզապես հարկ է առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը, նորովի շարունակել Պրահայից սկսված այս համատեղ ճամփորդությունը: Այո՛, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից: Հետեւաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում ո՞րն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին եւ Եվրոպական միությանը, եւ ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու համագործակցությունը:

Շատ կարեւոր է պահպանել այն հատկանշականը, այն ընդհանրականը, ինչը մեզ միավորում է որպես Գործընկերություն: Մենք առավել քան համոզված ենք, որ այդ ընդհանրության հիմքում պետք է շարունակի մնալ բոլոր գործընկեր պետությունների հավատարմությունն ընդհանուր արժեքներին, ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությունը, խաղաղությանն ու կայունության ապահովմանը տարածաշրջանում: Հետեւաբար, հետագա համագործակցության հիմքում պետք է պահպանել մեր հավատարմությունը հասարակության եւ հաստատությունների կառուցմանն ու զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելուն, դատական համակարգի անկախությանը, ազատ մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության կայացմանը:

Միաժամանակ ողջունում ենք, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված «Դեպի նոր Եվրոպական հարեւանության քաղաքականություն» հայեցակարգային փաստաթղթի հիմքում ընկած է գործընկեր պետությունների իրական կարիքները հաշվի առնելու եւ նրանց անհատականացված մոտեցում ցուցաբերելու սկզբունքը, ինչն իրապես կնպաստի ԵՄ հետ համագործակցության հնարավոր ուղղությունների եւ նոր հեռանկարների բացահայտմանը:

Մենք համարում ենք, որ գործընկերների անդամակցությունը որեւէ կառույցի չի սահմանափակում նրա համագործակցությունն այլ կառույցների հետ: Այդ պատճառով է, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:

Եվրոպայում ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայաստանն իր հավասարակշռված քաղաքականությամբ ոչ միայն չստեղծեց լրացուցիչ լարվածության օջախ եվրոպական տարածաշրջանում, այլ ընդհակառակը, կարողացավ իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության, հավասարակշռության եւ բազմավեկտոր համագործակցության սկզբունքների հիման վրա:

Հենց այս պատկերացումներն են դրվելու առաջիկայում ԵՄ հետ նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական փաստաթղթի հիմքում, որի կապակցությամբ ակնկալում ենք Ձեր բոլորի աջակցությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Արդեն տեւական ժամանակ է, որ գործընկեր երկրներից մեկում` Ուկրաինայում, տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները լուրջ ճգնաժամ են առաջացրել: Ուկրաինայի իրավիճակի լիարժեք կարգավորումը առանցքային նշանակություն ունի թե՛ երկրի հետագայի համար, թե՛ միջազգային առկա լարվածության լիցքաթափման համար: Ես հույս ունեմ, որ այստեղ եւս կհաղթանակի հեռուն նայելու եւ ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու եւ միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը: Ցավոք, նման նշաններ ես տեսնում եմ նաեւ ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ, որի մի շարք կետերի շուրջ մենք չկարողացանք հասնել կոնսենսուսի: Կարծում եմ` դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ առաջին անգամ ԵԺԿ գործընկերները լիարժեք չեն ներգրավվել նախագծի մշակման փուլում:

Խոսելով եվրոպական տարածաշրջանում համագործակցության եւ անվտանգության ապահովման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ԼՂ հակամարտությանը, որը շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների եւ հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը: Հակահայկական արշավը զուգորդվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, իսկ ռեժիմի ընդդիմախոսները վաղուց որակվում են որպես Հայաստանի գործակալներ:

Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից։ Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի: Ուստի կոչ եմ անում տուրք չտալ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնություններին եւ դրանով իսկ չկիսել պատասխանատվությունը տարածաշրջանում լարվածության ավելացման հարցում:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Օգտվելով առիթից՝ կրկին շնորհակալություն եմ հայտնում ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը եւ եվրոպական արժեքները» բանաձեւի ընդունման կապակցությամբ: Բարձր եմ գնահատում ԵԺԿ-ի եւ անձամբ նախագահ Դոլի ներդրումը Եվրոպական խորհրդարանի ս.թ. ապրիլի 15-ի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման գործում, որը խոսում է այս հարցում եվրոպական ընտանիքի հստակ դիրքորոշման եւ համամարդկային արժեքներին հավատարի լինելու մասին: Շնորհակալ եմ, պարոն Դոլ, ապրիլի 24-ին Երեւան այցելելու իմ հրավերն ընդունելու եւ «այլեւս երբեք» համաշխարհային ուղերձին միանալու համար:

Վերջին ամիսներին մեր եվրոպական օրակարգը հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով: Դրանց թվում առանձնացնեմ մարտ ամսին Երեւանում Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի անցկացումը, ինչպես նաեւ նախորդ շաբաթ Երեւանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը:

Վերջում ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծապես կարեւորում է ԵԺԿ-ի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքներն ակնհայտ են մեզ համար: Այս առումով բարձր եմ գնահատում օրեր առաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամակցությունը ԵԺԿ երիտասարդական կազմակերպությանը:

Շնորհակալություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ