News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում մասնակցել է ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով (ֆոտոռեպորտաժ):

«Լատվիայի հարգարժա՛ն վարչապետ Ստրաույումա,

Եվրոպական խորհրդի հարգարժա՛ն նախագահ Տուսկ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Շնորհակալություն եմ հայտնում Լատվիայի իշխանություններին ու ԵՄ մեր գործընկերներին` Արեւելյան գործընկերության չորրորդ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Արեւելյան գործընկերության մեկնարկից սկսած մենք այն դիտարկել ենք որպես ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու, մեր հասարակությունների միջեւ շփումները խրախուսելու, տարբեր ոլորտային ուղղություններով թիրախային համագործակցություն ծավալելու ձեւաչափ: Այս ընթացքում ԵՄ հետ փոխգործակցության ամրապնդումը նոր թափ հաղորդեց ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության արդիականացմանն ուղղված ջանքերին, խթանեց լայնածավալ բարեփոխումների մեր օրակարգը, նշանակալիորեն նպաստեց քաղաքացիական հասարակության ամրապնդմանը:

Հարգելի՛ գործընկերներ,

Բաժանարար գծերից զերծ Եվրոպայի կերտման ճանապարհին կարեւոր է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչն արտահայտված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացում բանակցող կողմերը Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Հայտնի է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը որեւէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանզի երբեք չի հանդիսացել անկախ Ադրբեջանի մաս, մինչդեռ այդ երկրի իշխանությունը, տարածքային ամբողջականությունը համարելով միակ սկզբունք եւ այն դրոշ դարձրած, հետեւողականորեն վիժեցնում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ մերժելով կարգավորման մյուս՝ համահավասար ու կարեւոր սկզբունքները: Այո՛, տարածքային ամբողջականությունը 21-րդ դարում պետք է հարգվի պետությունների կողմից, սակայն երբ այդ ամբողջականությունը դառնում է տվյալ հասարակության մի մասի ճակատագրի խեղման, նրա համար զարգացման ցանկացած հեռանկարի վախճան, որեւէ մեկը չի կարող ստորադասել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Վերջին հաշվով, եթե խաղի միակ կանոնը լիներ տարածքային ամբողջականության սկզբունքը, ապա այսօր այս սեղանի շուրջ այսքան երկրների ներկայացուցիչներ չէին լինի, որովհետեւ պարզապես այդքան երկիր չէր լինի:

Հարգելի՛ գործընկերներ,

Այս տարի մենք ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Եվրոպական բազմաթիվ երկրներ միացան մեզ՝ հարգանքի տուրք մատուցելով մեկուկես միլիոն զոհերի հիշատակին, ովքեր նահատակվեցին միայն հայ եւ քրիստոնյա լինելու համար:

Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր քաղաքական նպատակահարմարությանը տուրք չտալով, իրենց ավանդն են բերում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործին: 2015թ. ապրիլի 15-ին ԵՄ ամենաներկայացուցչական կառույցն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը՝ ցեղասպանությունը ճանաչելու ուղերձ հղելով միացյալ Եվրոպայի երկրներին, նաեւ՝ Թուրքիային:

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հայաստանը հանձնառու է ԵՄ գործընկերների հետ քայլեր ձեռնարկել՝ ձեւավորելու մեր հարաբերությունների իրավական նոր հիմքը, որը մի կողմից կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ բանակցությունների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի այլ ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից բխող հանձնառությունների հետ: Միաժամանակ, Հայաստանը կարեւորում է յուրաքանչյուր երկրի նկատմամբ, ընդհանուր արժեքների առանցքի շուրջ իրականացվող բարեփոխումներում արձանագրած առաջընթացի հիման վրա, տարբերակված մոտեցման կիրառումը եւ «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի վերահաստատումը: Մենք առավել քան համոզված ենք, որ պետք է լինի բոլոր գործընկերների հավատարմությունն ընդհանուր արժեքներին եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Հայաստանի Հանրապետությունը հենց այդ ճանապարհով է շարունակելու աշխատել:

Շնորհակալություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ