News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Պռոշյանի կոնյակի գործարան: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, արտահանման ծավալին, ընթացիկ ծրագրերին եւ ընդլայնման հեռանկարներին:

Շրջայցից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում գինեգործության ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս վերհանել առկա խնդիրները եւ քննարկել դրանց լուծման փոխընդունելի տարբերակներ: «Կառավարությունը շահագրգռված է գինեգործության, խաղողագործության, կոնյակագործության զարգացման, արտադրական եւ արտահանման ծավալների ավելացման հարցում եւ պատրաստ է հնարավորինս աջակցել ցանկացած ողջամիտ առաջարկության», - նշել է վարչապետը:

Գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը` ոլորտին ցուցաբերվող աջակցության համար եւ ներկայացրել իրենց հուզող խնդիրները: Տնտեսվարողները, մասնավորապես, բարձրացրել են հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, խաղողի մթերմանը, տեղական եւ արտասահմանյան նոր տեսակների աճեցմանը, արտերկրում ցուցահանդեսների կազմակերպմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ այլ խնդիրներ:

Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը նշել է, որ հետեւողական է լինելու տնտեսվարողների բարձրացրած յուրաքանչյուր օբյեկտիվ խնդրի լուծմանը եւ արհեստական խոչընդոտների վերացմանը: Այս առնչությամբ Հովիկ Աբրահամյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը հորդորել է տնտեսվարողներին քննարկված հարցերն ու առաջարկությունները ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն եւ ակտիվ համագործակցել շահագրգիռ նախարարությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ