Ռիգայում կայացած «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ամփոփիչ հռչակագիրը սատարել է «Հարավային գազային միջանցքի» շինարարությունը, որը Եվրամիությունը միավորելու է կասպից շրջանին՝ շրջանցելով Ռուսաստանը:
Գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ դրա մասնակիցները «ողջունել են էներգետիկ ենթակառուցվածքների նախագծերի շինարարության առաջընթացը՝ ներառնալ «Հարավային գազային միջանցքը», որի ստեղծման գործում հատուկ դեր ունի Ադրբեջանը»: Ըստ Lenta.ru-ի, գագաթաժողովը սատարել է Լեհաստանի, Հունգարիայի եւ Սլովակիայի միջով Ուկրաինային գազի մատակարարումը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին Էներգամիության եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը տեղեկացրեց «Հարավային գազային միջանցք» նախագծի ստեղծման մասին: Դրան կարող են մասնակցել Իրանը, Իրաքը, Թուրքմենստանը, Ադրբեջանն ու Թուրքիան: Շեֆչովիչի գնահատմամբ, խողովակաշարը շուրջ 45 մլրդ դոլար կարժենա:
Այդպիսով Եվրամիությունը փորձում է նվազեցնել ռուսական էներգակիրներից կախվածությունը: Ներկայում ՌԴ-ն ապահովում է Եվրոպայի գազի պահանջարկի շուրջ մեկ երրորդը: