News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել հայ ականավոր սյուրռեալիստ գեղանկարիչ Լեւոն Թութունջյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Ցուցադրությանը ներկայացված են Թութունջյանի Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրահայտ «Դեղին դիմակ» սյուրռեալիստական ստեղծագործությունը, 24 գրաֆիկական աշխատանքներ եւ արվեստի տարաոճ 3 քանդակ:

1925 թվականից Թութունջյանի ստեղծագործությունները ցուցադրվել են եվրոպական հանրաճանաչ ցուցասրահներում, այդ թվում՝ Փարիզյան «Պյեր Կոլ» ցուցասրահում կազմակերպած սյուրռեալիստ արվեստի ցուցահանդեսին (1933թ.)` Պիկասոյի, Դալիի, Բրետոնի, Միրոյի, Մագրիտի, Ջակոմետիի եւ այլոց ստեղծագործությունների կողքին:

Թութունջյանի «Դեղին դիմակ» ստեղծագործությունը, որը ցեղասպանությունը վերապրած արվեստագետի լավագույն գործերից է, վերջին անգամ ցուցադրվել է 1988-ին Մոսկվայի Տրետյակովյան ցուցասրահում: Ներկայացվող գրաֆիկական աշխատանքները աբստրակցիայի, թաշիզմի եւ սյուրռեալիզմի 1920-60-ական թթ. բացառիկ նմուշներ են:

Այնուհետեւ կառավարության ղեկավարը ծանոթացել է պատկերասրահում գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վկայություն» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին: Ցուցահանդեսում ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վերապրած արվեստագետների եւ նրանց սերունդների ստեղծագործությունները՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ եւ դեկորատիվ-կիրառական արվեստ, Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հավաքածուում պահպանվող «Արեւմտյան Հայաստանը եւ հայկական կոտորածների արտացոլումը փոստային բացիկներում» խորագրով շուրջ 300 բացիկ:

Ներկայացված են նաեւ Գրիգոր Աղասյանի՝ Ցեղասպանության թեմայով արված աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ