News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ազատություն» ռադիոկայանը երեկ պաշտոնապես փակել է ադրբեջանական ծառայության Բաքվի գրասենյակը։

Ադրբեջանի իշխանություններն անցած տարվա դեկտեմբերին կասեցրել են գրասենյակի աշխատանքը։ «Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեյիչը երեկ հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունների կամայական գործողությունները ծանր եւ որոշ դեպքերում անդառնալի ցավ ու վնաս են պատճառել աշխատակիցներին եւ նրանց ընտանիքներին»։

Պեյիչի փոխանցմամբ, «Ազատություն» ռադիոկայանը պատրաստվում է ձեռնարկել Ադրբեջանի կառավարության գործողություններից իր եւ իր աշխատակիցների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանելու անհրաժեշտ միջոցներ։

Իշխանությունը ոչ միայն արգելափակել է «Ազատության» Բաքվի գրասենյակն, այլեւ անտեսելով իրավական ընթացակարգը` առգրավել է գույքը, տեխնիկական սարքավորումները, փաստաթղթերը, բերման է ենթարկել գրասենյակի աշխատակիցներին, նրանց զրկել է փաստաբանների հետ կապ պահպանելու հնարավորությունից, սպառնալիքներ է հնչեցրել աշխատակիցների եւ նրանց մտերիմների հասցեին, արգելել է որոշ աշխատակիցների ազատ տեղաշարժը։

Նենադ Պեյիչը հավելել է, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, որը հայրենիքում հայտնի է իբրեւ «Ռադիո Ազատլիկ», այնուամենայնիվ, շարունակում է թողարկել լուրեր եւ հաղորդումներ եւ ի հեճուկս գրասենյակի փակմանը, հեռարձակվում է թվային եւ արբանյակային միջոցներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ