News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին Մոսկվայում տոնական շքերթին մասնակցելու նպատակով ոտքով Մոսկվա ուղեւորված` Երեւանի բնակիչ, 76-ամյա Գրիշա Տեպոյանը այսօր՝ մայիսի 23-ին, օդանավով վերադարձավ Հայաստան:

Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Գրիշա Տեպոյանը պատմեց, որ ինքը 2336 կմ ոտքով կտրել-անցել է ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված իր հոր՝ Հունանի եւ Տեպոյանների ընտանիքի չորս անդամաների:

Գրիշա Տեպոյանը Կովկասյան լեռներն անցել է բեռնատարով, որից հետո 200կմ ոտքով քայլել է դեպի հարավ՝ Կրասնոդար, որտեղից սկսվել է նրա հոր մարտական ուղին, ապա ոտքով ուղեւորվել է Մոսկվա:  

«Մոսկվա հասնելու իմ նպատակը 1941-1945թթ հայ ժողովրդի զոհված զավակների հիշատակը հարգելն էր: Նրանց թվում են եղել իմ հայրը եւ իմ ընտանիքից 4 անդամներ: Ցավոք սրտի, բոլորն էլ զոհվել են ու չեն վերադարձել: Պարտքս ընդհանուր հայ զավակների հիշատակի համար կատարել եմ»,- ասաց նա:

Ոտքով Մոսկվա հասած Գրիշա Տեպոյանը պատմեց, որ ինքը մեծ ընդունելության է արժանացել Մոսկվայի հայ համայնքի կողմից, ընթրել է Արա Աբրահամյանի եւ Ալեքսանդր Արությունովի հետ, նրանց հրավերով մասնակցել է տոնական համերգի: 

Գրիշա Տեպոյանը նշեց, որ ընտանիքի անդամները դեմ են եղել իր մտադրությանը, սակայն նա ոչ միայն նրանց չի լսել, այլեւ առաջիկայում նախատեսում է ոտքով հասնել Թուրքիա եւ Դնեպրոպետրովսկ:

«Գիշերով եմ գնացել, բայց կինս արթուն է եղել, ես չեմ իմացել. ասեց՝ գնու՞մ ես , գնա, մինչեւ գաս, ինձ չես տեսնի, բայց սկայպով խոսեցինք մի բան էլ լավացել, սիրունացել է հիմա անհամբեր սպասում եմ, որ տեսնեմ իրեն: Ոտքերս մի քիչ լավանան, էդքան քայլելուց հոգնել եմ, հաջորդ քայլը կարող է լինի Թուրքիա գնալս` ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի։ Չեմ վախենում, որ մի հատ ռագատկա էլ չունենամ, տանկից չեմ վախենա, ես այդպիսի մարդ եմ, վախ չունեմ»,- ասաց նա:

Թոշակառու Գրիշա Տեպոյանը հավելեց, որ կնոջը տեսնելուց բացի, շտապում է ստանալ 2 ամսվա թոշակը: 

Նշենք, որ Գրիշա Տեպոյանը այս ուխտագնացությունը սկսել է մարտի 22-ին: Մարտի 24-ին, Ախալքալակի Սբ. Խաչ եկեղեցում օրհնվելուց հետո, մեքենայով անցել է Լարսի անցակետը, ապա 2336կմ ոտքով քայլելուց հետո մայիսի 7-ին հասել է Մոսկվա: Մայիսի 9-ին մասնակցել է հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված տոնական շքերթին:

Տպել
Ամենաշատ