News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


RVVZ հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի հիմադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը քոլեջի մեկ տարվա աշխատանքը հաջողված է համարում: Լրագրողների հետ զրույցում այսօր՝ մայիսի 24-ին, Ռուբեն Վարդանյանը նշեց, որ չնայած դժվարություններին, իրենք կարողացել են լավ արդյունք ապահովել:

«Շատ լավ է ստացվել, բայց դա առաջին փոքր քայլն է: Մենք դեռ շատ երկար ճանապարհ պիտի անցնենք, մինչեւ դպրոցը իսկապես կայանա: Առաջին տարին լավ տարի էր, հաջող տարի էր, չնայած շատ դժվարություններ կային. առաջին տարվա մեջ շատ փորձ պետք է ձեռք բերել: Ես զարմացած եմ երեխաների վրա, թե իրենք ինչքան պարզ, փայլուն, աչքերը բաց ու մեծ են: 16-17 տարեկան են, բայց արդեն լրիվ ուրիշ կերպ են նայում աշխարհին: Ես չէի պատկերացնում, որ կան այնպիսի երեխաներ, որ իսկապես պատրաստ են այդ ամեն ինչին»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ իրենց աշխատանքի լավագույն արդյունքը քոլեջում սովորող երջանիկ երեխաներն են եւ այն, որ անկախ ազգությունից նրանք բոլորը Դիլիջանը իրենց քաղաքն են համարում:

«Այս քոլեջի եւ ուրիշ դպրոցների երեխաները բաժանել են Դիլիջանը մասերը եւ որոշել են, որ քաղաքը պետք է մաքուր պահեն: Դա արդեն հաղթանակ է, որ երեխաները զգացել են, որ դա իրենց քաղաքն է»,- նշեց նա:

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ դպրոցի կարեւոր առավելություններից մեկն էլ այն է, որ աշխարհի տարբեր մասերից Հայաստան ժամանած երեխանեըը՝ 86 հոգի, հայերեն են սովորում: 

Նշենք, որ UWC Դիլիջան քոլեջում այսօր Ռուբեն Վարդանյանը, քոլեջի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը, UWC Հայաստանի ազգային կոմիտեի ղեկավարներն ու ներկայացուցիչները, քոլեջի բարերաները հանդիսավոր արարողությամբ ողջունեցին հայաստանցի 21 երիտասարդներին, որոնք այս տարի ընդունվել են UWC քոլեջների ցանց: Երիտասարդները Երեւանից, Դիլիջանից, Սիսիանից, Մասիսից, Գյումրիից եւ Արցախից են: Նրանցից 11-ը սովորելու են UWC Դիլիջան քոլեջում, մյուսները՝ Իտալիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի, Սինգապուրի եւ Նիդեռլանդների UWC քոլեջներում:

UWC Դիլիջանի քոլեջում սովորող 96 երիտասարդներին այս սեպտեմբերին կմիանան նույնքանը:

UWC Դիլիջան քոլեջում նաեւ տեղի ունեցավ քոլեջի տարածքում տեղադրված ցուցատախտակների բացման հանդիսավոր բացումը՝ ի երախտագիտություն բարերար Արման Ոսկերչյանին եւ նրա կնոջը՝  Քրիստինա Տեր-Ղազարյանին՝ բժշկական կենտրոնին անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար, եւ PERi բարեգործական հիմնադրամին՝ քոլեջի թենիսի դաշտի կառուցմանն աջակցելու համար:

Նշենք, որ UWC («Աշխարհի միացյալ քոլեջներ») ցանցն ունի 14 դպրոց եւ քոլեջ աշխարհի 5 երկրամասում: UWC Դիլիջան քոլեջը ցանցի առաջին միջազգային դպրոցն է Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ տարածքում:

Տպել
Ամենաշատ