Ճանապարհա-տրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է ամերիկացի մաթեմատիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Ֆորբս Նեշ-կրտսերը: Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Նեշը զոհվել է կնոջ հետ, Նյու Ջերսիում տաքսու վթարի հետեւանքով: Նախնական տեղեկություններով, զոհվածներն անվտանգության գոտիներն ամրացրած չեն եղել, քանի որ պատնեշին ավտոմեքենայի բախման հետեւանքով երկուսն էլ դուրս են թռել պատուհանից: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մաթեմատիկոսը 86 տարեկան էր, նրա կինը՝ 82:
Նշենք, որ 1994 թվականին Նեշը Նոբելյան մրցանակ է ստացել՝ «Ոչ կոոպերատիվ խաղերի տեսությունում հավասարակշռության վերլուծության համար»: Հանճարեղ մաթեմատիկոսի կյանքի եւ շիզոֆրենիայի դեմ նրա պայքարի մասին 2001 թվականին «Մտքի խաղերը» կենսագրական ֆիլմն է նկարահանվել՝ Ռասել Քրոուի գլխավոր դերակատարմամբ: Ժապավենը չորս «Օսկար» է ստացել, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: