News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 25-ին, Շիրակի մարզում մասնակցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ շրջայցի սկզբում Հանրապետության նախագահը դիտել է «Թումո» կենտրոնների գործունեության վերաբերյալ շնորհանդեսը, շրջայց է կատարել կենտրոնում, հանդիպել նաեւ «Շանթ» հեռուստաընկերության մարաթոնի տեսահոլովակների մասնակից գյումրեցի երեխաների հետ:

Գյումրիում «Թումո» կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ նախագահը, իրագործել՝ «Շանթ» հեռուստաընկերությունը: Կենտրոնը գործունեության սկզբնական շրջանում կտեղակայվի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում նախատեսվում է այն տեղափոխել հարեւանությամբ գտնվող Գյումրիի թատրոնի (նախկին ժողովրդական տան) շենք, որը ենթակա է հիմնանորոգման եւ ամրացման: Շրջայցի ժամանակ nախագահին ներկայացրել են, որ տարածքն առայժմ ներառելու է 60 աշխատանքային կետ եւ կարողանալու է հյուրընկալել 500-ից 1000 ուսանողի:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արտադպրոցական ուսումնական միջավայր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումո կենտրոնը («Թումո Երեւանը») ստեղծվել է Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից եւ իր դռներն է բացել աշակերտների համար 2011թ. օգոստոսի 14-ին:

Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013թ. փետրվարից «Թումոն» գործում է նաեւ Դիլիջանում (հաճախում է շուրջ 300 պատանի): Ներկայում Ստեփանակերտում ակտիվորեն շինարարական աշխատանքներ են տարվում տեղի «Թումո» կենտրոնի ստեղծման ուղղությամբ: 2015թ-ի սեպտեմբերին պլանավորվում է ավարտին հասցնել շինարարությունը եւ բացել «Թումոյի» դռները 1000 արցախցի պատանիների առջեւ («Թումո Ստեփանակերտը» Սիմոնյան կրթական հիմնադրամի եւ ՀԲԸՄ համատեղ նախագիծն է):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ