News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հատուկ ծառայությունները «Օդնոկլասնիկի» կայքում շարունակում են հայկական տվյալներով կեղծ էջեր բացել, ներկայանալ որպես ՀՀ կամ ԼՂՀ Զինված Ուժերի նախկին զինծառայողներ, մեր քաղաքացիների հետ նամակագրական կապեր հաստատել եւ տվյալներ կորզելու ապարդյուն փորձեր անել, որոնք բացահայտվել են: Այս առթիվ հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԱԾ-ն, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, լրատվամիջոցներում, պարբերաբար տարածել էր ինտերնետային սոցիալական ցանցերի միջոցով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից իրականացվող հետախուզական-քայքայիչ գործունեության մասին հայտարարություններ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները վկայում են, որ հակառակորդը չի հրաժարվել արդեն իսկ հնություն դարձած մարտավարությունից, շարունակելով  «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում հայկական տվյալներով կեղծ էջեր բացելու, որպես Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ Զինված Ուժերի նախկին զինծառայողներ ներկայանալու, մեր քաղաքացիների հետ նամակագրական կապեր հաստատելու եւ տվյալներ կորզելուն ուղղված ապարդյուն գործառույթներից:

Համալիր օպերատիվ միջոցառումներ իրականացնելու արդյունքում, ինչպես նաեւ հայրենասիրական գաղափարներով օժտված հայ երիտասարդների օգնության շնորհիվ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից գործադրված կեղծ էջերի բացահայտման ու մշակման գործընթացն եւ արդյունքում նրանց մատուցում այնպիսի ապատեղեկատվական նյութեր, որոնք մոլորեցնում եւ խուճապի են մատնում «տաղանդավոր հետախույզներին»:

Այս անգամ, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում, իրենց «հնարամտությամբ» աչքի են ընկել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետախույզ-օգտատերեր  «Hovik Margaryan»-ը, «Edgar Minasyan»-ը, «Rafik Tovmasyan»-ը, «Norik Barsegyan»-ը եւ «Norik Margaryan»-ն, որոնց տրամաբանելու ունակությունները նույնիսկ թույլ չեն տվել փոփոխելու մեր քաղաքացիների հետ ծանոթություն հաստատելու եւ նամակագրություն իրականացնելու համար ընտրված ու արդեն բոլորին հայտնի առասպելները:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կրկին անգամ իր երախտագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսեւորումներ ցուցաբերած մեր քաղաքացիներին եւ հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի օգտատերերի հայտնաբերման դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ