News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեր ամենակարեւոր խնդիրներից մեկն է թույլ չտալ սերունդների կապի խզումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: (ֆոտոռեպորտաժ)

Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ նախագահի մրցանակների հանձնման արարողության ժամանակ:

«Հարգելի՛ մրցանակակիրներ,

Սիրով ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ բոլորիդ անձամբ հանդիպելու եւ շփվելու այս հնարավորության համար:

Ճանաչումը կարեւոր է յուրաքանչյուր անհատի, առավել եւս՝ ստեղծագործ աշխատանքով զբաղվողների համար: Այն վկայում է, որ մարդն օտարացած չէ իր հասարակությունից, իսկ նրա ներդրած ջանքերն արդյունք են տվել եւ գնահատվել են: Ձեզնից յուրաքանչյուրը, փորձեր ու սխալներ կատարելով, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած ոլորտում հաջողության հասած ամեն ոք, պայքարել եւ գտել է արարման իր ուղին: Մենք հենց այդ պայքարն ենք արժեւորում:

Ոչ պակաս կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ այստեղ ներկայացված են մեր ժողովրդի ստեղծագործ հատվածի ավագ, միջին եւ կրտսեր սերնդի ներկայացուցիչները: Մեր ամենակարեւոր խնդիրներից մեկն է թույլ չտալ սերունդների կապի խզումը: Գիտելիքի եւ կարողության, տաղանդի ու փորձի այն հարուստ պաշարը, որ ունի հայ ժողովուրդը, մենք պետք է փոխանցենք սերնդեսերունդ եւ բազմապատկենք:

Սիրելի՛ բարեկամներ,

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը յուրահատուկ խորհուրդ է հաղորդում նաեւ այս մրցանակաբաշխությանը: Անշուշտ, հարյուրերորդ տարելիցը ո՛չ որեւէ բանի վերջն է, ո՛չ էլ՝ սկիզբը: Այն ընդամենը պայմանական սահմանագիծ է հայ ժողովրդի հարատեւման ճանապարհին:

Ուղիղ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերին պարտադրեցին Գողգոթա՝ միայն իրենց ազգային եւ կրոնական պատկանելության համար: Դահիճները որոշել էին հայի անունը վերացնել աշխարհի երեսից: Այսօր այդ դժնդակ տառապանքներն անցած, նման ողբերգություն վերապրածների ժառանգները սպեկտրաբեւեռաչափ են ստեղծում եւ նանոկառուցվածքներ ուսումնասիրում:

Սրանք հիրավի հպարտանալու ձեռքբերումներ են: Սա է հայ ժողովրդի պատասխանը մեզ ոչնչացնել ու վերացնել ծրագրողներին ու ցանկացողներին:

Այս պատասխանը տվել են առաջին հերթին հենց Հայոց ցեղասպանությունը վերապրածները՝ նրանք, ովքեր կարողացան հիմնահատակ ավերված մեր տունը կրկին կառուցել ու շենացնել: Վերապրածների այդ մեծագույն ավանդը գնահատելու նպատակով այս տարի մասնագիտական հանձնաժողովը որոշել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնել այսօր Հայաստանում բնակվող 23 վերապրած կանանց:

Փա՛ռք ձեզ, սիրելի՛ մայրեր, Փա՛ռք ու պատիվ ձեզ: Դուք այսօր խորհրդանշում եք այն հայ մայրերին, որ Դեր Զորի այրող ավազների վրա հայ մանուկներին մեսրոպատառ գիր էին սովորեցնում: Այսօր ձեր թոռները բարդ վիրահատություններ են կատարում եւ այդ նույն մեսրոպյան գրով ոսկեղենիկ հայերենի փոխադրում Ումբերտո Էկոյի նշանավոր գիրքը:

Հայոց ցեղասպանության դժնդակ ժամանակահատվածում գտնվեցին բարի կամքի տեր մարդիկ, ովքեր փրկեցին տասնյակ հազարավոր գաղթականների եւ որբերի: Դրանց շարքում անգնահատելի էր Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կատարած աշխատանքը: Այսօր մենք ճանաչում ենք մեր վերապրելու գործում ամերիկյան ժողովրդի ունեցած վաստակը եւ երախտագիտություն ենք հայտնում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնելով Մերձավոր Արեւելքի հիմնադրամին:

Սիրելի՛ բարեկամներ,

Գնահատանքի հատուկ խոսք եմ ուղղում նաեւ հարգարժան Պողոսյան ընտանիքին, որն իր ուժերի չափով մասնակցում է մայր հայրենիքում տեղի ունեցող զարգացումներին՝ նաեւ այս մրցանակաբաշխությանն աջակցելու ճանապարհով:

Ամփոփելով խոսքս՝ կրկին շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում քաջառողջություն: Թո՛ղ ձեր հետագա գործունեությունը նշանավորվի նոր ձեռքբերումներով: Խաղաղություն ձեզ եւ ձեր ընտանիքներին, ձեր հարազատներին եւ նոր նշանակալի գործեր՝ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի:

Շնորհավորում եմ մեկ անգամ եւս:

Շնորհակալություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ