News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը 2003թ. հոկտեմբերի 22-ին վավերացրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան՝ ստանձնելով մի շարք պարտավորություններ: Կոնվենցիայի դրույթների համաձայն` Հայաստանը ստանձնել է պարտավորություն մինչեւ 2025 թվականը ոչնչացնել երկրում առկա ժամկետանց քլորօրգանական թունաքիմիկատները, մասնավորապես՝ լիկվիդացնել Նուբարաշենի թունաքիմիկատների գերզմանոցում տեղադրված եւ հանրապետության այլ վայրերում պահպանված կայուն օրգանական նյութեր պարունակող վտանգավոր թափոնները:

Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ստորագրել են «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացումը եւ քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների խնդիրների կարգավորումը Հայաստանում» ծրագրային փաստաթուղթը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով եւ կարեւորելով փաստաթղթի ստորագրումը, նշել է. «Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը պարբերաբար գումարներ է հատկացրել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգությունն  ապահովելու եւ գերեզմանոցի կոնսերվացման աշխատանքներն  իրականացնելու համար, այնուամենայնիվ այն մնում է որպես վտանգավոր օբյեկտ շրջակա միջավայրի եւ մարդու առողջության համար, քանի որ գտնվում է մի կողմից՝ ակտիվ սողանքային գոտում, իսկ մյուս կողմից՝ կառուցվել է 80-ական թվականներին առանց տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրության եւ պահանջվող տեխնիկական նորմերի կիրառման: Արդեն ժամանակն է վերջնական լուծում տալու երկրում առկա ժամկետանց թունաքիմիկատների ոչնչացման հիմնախնդրին, այսինքն՝ լիկվիդացնելու Նուբարաշենի գերեզմանոցում տեղադրված թափոնները, վնասազերծելու եւ վերականգնելու թունաքիմիկատներով աղտոտված տարածքները, որին եւ ուղղված է սույն ծրագիրը: Այն կնպաստի մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա ժամկետանց թունաքիմիկատների անբարենպաստ ազդեցության կանխարգելմանը»: Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը առաջարկում է եղած ժամկետանց պեստիցիդները տեղափոխել երրորդ երկիր, որտեղ համապատասխան տեխնոլոգիաներվ իրականացվի այրում եւ վնաս չհասցվի շրջակա միջավայրին:

«Հաշվի առնելով բոլոր գործընկերների՝ կառավարության համապատասխան մարմինների, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ ձեւավորված փոխգործակցության ոգին, համոզված ենք, որ այս կարեւոր, բայց եւ բարդ ծրագիրը հաջողությամբ ավարտին կհասցնենք: Ճկունությունը եւ նորարարությունը պետք է դառնան հիմնական ուղենիշներ ծրագրի իրականացման ընթացքում որոշումների կայացման համար», - իր ելույթում նշել է Բրեդլի Բուզետտոն:

Ծրագրի գործողությունները պետք է իրականացվեն` հաշվի առնելով ազգային օրենսդրության պահանջները, մարդու առողջության եւ շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող նորմերը, ինչպես նաեւ մի շարք միջազգային բազմակողմ համաձայնագրերի պահանջները:

Ծրագրի տեւողությունն է 4 տարի, եւ իրականացման համար Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (ԳԷՀ) հատկացրել է 4.7 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

ԳԷՀ-ի ընթացակարգի համաձայն` ազգային կողմից նույնպես պահանջվում է համաֆինանսավորում, ինչը կարող է արտահայտվել ոչ միայն ուղղակի դրամական, այլեւ իրեղեն մասնակցությամբ՝ նշված հիմնախնդրի լուծմանն ուղղված իրականացված, իրականացվող կամ նախատեսվող գործողություններով, միջազգային կառույցների կողմից նախատեսվող ծրագրերով:

Ծրագրի շրջանակներում լիկվիդացվելու են Նուբարաշենի գերեզմանոցում տեղադրված ԿOԱ-ի թափոնները, ինչպես նաեւ հանրապետության 24 տարբեր տարածքների պահեստարանների մնացորդային ժամկետանց թունաքիմիկատները: Ընդհանուր առմամբ, էկոլոգիապես անվտանգ եղանակներով կոչնչացվեն 1,050 տոննա ԿՕԱ եւ այլ ժամկետանց թունաքիմիկատներ եւ կվնասազերծվի բարձր աղտոտվածությամբ 7,100 տոննա հող: Եվս 12,700 տոննա ավելի ցածր մակարդակի աղտոտվածություն ունեցող հողային զանգված կպարփակվի անվտանգ եղանակով:

Երկամյա նախապատրաստական փուլի արդյունքում ՄԱԶԾ-ն ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ միասին իրականցրել են մանրակրկիտ ուսումնասիորություն եւ նպատակահարմարության վերլուծություն` մասնավորապես կենտրոնանալով  Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում:

Տպել
Ամենաշատ