News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր Երեւանում մեկնարկել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային օզոնային ցանցի տարեկան հանդիպումը, որը կտեւի մինչեւ ս.թ. մայիսի 28-ը: Հանդիպմանը մասնակցել են Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Բոսնիա եւ Հերցեգովինա, Վրաստան, Ղրղզստան, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Սերբիա, Թուրքմենստան), ինչպես նաեւ անցումային տնտեսություն ունեցող 5 երկրների (Բելառուս, ՌԴ, Տաջիկստան, Ուկրաինա եւ Ուզբեկստան) ազգային համակարգողներ եւ Սառնարանային ասոցիացիաների ղեկավարներ: Հանդիպմանը ներկա են գտնվել Օզոնի քարտուղարության, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի փարիզյան մասնաճյուղի, Արդյունաբերական ծրագրի եւ միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հերթական տարեկան ժողովը  նպատակ է հետապնդում աջակցելու Օզոնի ազգային կենտրոններին օզոնաքայքայիչ նյութերի փոխարինման գործընթացների արդյունավետ իրականացման, Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների կատարման,  ազգային սառնարանային ասոցիացիաների գործունեության, օզոնաանվտանգ տեխնոլոգիաներին անցնելու, ինչպես նաեւ սառնարանային տեխնիկայի մասնագետների եւ մաքսային ծառայողների վերապատրաստման գործընթացներում:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով եւ արդյունավետ աշխատանքային օրեր մաղթելով մասնակից երկրների ներկայացուցիչներին, նշել է. «Շարունակվող բնակլիմայական փոփոխությունները, որոնք հետեւանք են նաեւ օզոնային շերտի քայքայման, ստիպում են մեզ լինել ավելի շրջահայաց եւ վճռական մեր որոշումներում՝ կատարելագործելու առկա այն գործիքակազմը, որը հնարավորություն կընձեռի համատեղ ուժերով լուծելու կարեւորագույն այս ոլորտում ծագող խնդիրները:

 2012 թվականին փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության «Օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը հաստատելու եւ ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանելու մասին» N 327-Ն որոշման մեջ, ինչի շնորհիվ Հայաստանում արդեն ապահովվել է ՀՔՖԱ-ների (հիդրոքլոր ֆտորածխածինների) 10 տոկոսով կրճատումը ի համեմատ 2009-2010 թվականների միջին մակարդակների: Վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը ոլորտի հետ կապված իր ստանձնած պարտավորությունները շարունակում է բարեխղճորեն կատարել՝ համագործակցելով միջազգային համապատասխան կառույցների հետ: Միաժամանակ անհրաժեշտ է բարձրաձայնել, որ թեեւ արված է բավականին մեծ աշխատանք եւ արձանագրվել են արդյունքներ, սակայն այնուամենայնիվ դեռ կան շատ անելիքներ բնագավառում գոյություն ունեցող մյուս հարցերի շարունակական լուծումներն ապահովելու համար»:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ  Բրեդլի Բուզետտոն,  մասնավորապես նշելով. «Օզոնային շերտի քայքայումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ մեր կյանքի վրա` սկսած մարդու առողջությունից, շրջակա միջավայրի պահպանության վտանգումից մինչեւ ազգային անվտանգության եւ միջազղգային հարաբերություններում ծագող խնդիրներ: Լինելով Բազմակողմանի հիմնադրամի իրականացնող գործակալություններից մեկը` ՄԱԶԾ-ն աջակցում է երկրներին տեխնոլոգիայի փոխարինման հարցում` ակնկալելով օզոնաքայքայիչ նյութերի կրճատում եւ Մոնրեալի արձանագրության երկրների կողմից ստանձնած պարտավորությունների կատարում»:

Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային օզոնային ցանցի համակարգող Հալվարտ Քոփենը, շնորհակալություն հայտնելով ՀՀ բնապահպանության նախարարությանը տարեկան ժողովը ՀՀ-ում հյուրընկալելու համար, ինչպես նաեւ գործընկեր կազմակերպություններին` համաժողովի անցկացմանն աջակցելու համար հույս է հայտնել, որ Հայաստանում հավաքված 20-ից ավելի երկրների ներկայացուցիչները եռօրյա աշխատանքների ընթացքում կկարողանան արդյունավետ կերպով փորձի փոխանակում իրականացնել եւ գտնել իրենց երկրների առջեւ ծառացած խնդիրների լուծման արդյունավետ եղանակները:

Տպել
Ամենաշատ