News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում իռլանդական «The Irish Times» պարբերականի լրագրող Դենիել Մաքլաֆլինի հոդվածը:

Հայաստանում բլրի վրա կանգնած՝ Գոռ Հովհաննիսյանը ծառի թաքստոցից դուրս է բերում կանաչ գույնի արկղն ու բացում այն, որպեսզի ստուգի, թե ինչ է արձանագրել տեսախցիկը: Այս անգամ այն միայն թռչուն եւ նապաստակ է արձանագրել: Սակայն Վայրի բնության կովկասյան արգելոցում ավելի մեծ կենդանիներ էլ են թափառում. արջեր, գայլեր եւ առնվազն մեկ հովազ, թերեւս վերջինը Եվրոպայում:

Հայաստանում հովազի այդ ապաստանը եզակի գեղեցկությամբ եւ կենսաբազմազանությամբ հսկայական տարածք է զբաղեցնում, ինչպես նաեւ նպաստում է, որպեսզի տեղի բնակիչներն իրենց ներդրումն ու օգուտն ունենան այդ կենդանու պաշտպանությունից: Դա մեծ մարտահրավեր է մի երկրի համար, որտեղ բնապահպանական գիտակցությունը ցածր մակարդակի վրա է, խոշոր գիշատիչները սպառնալիք են համարվում կյանքի եւ ընտանի կենդանիների համար, իսկ օրենքի գերակայությունը չափազանց թույլ է, որպեսզի հնարավորություն ընձեռի վերահսկել մանր կամ հարուստ որսորդներին:

Գոռ Հովհաննիսյանը տեղի մի քանի տղամարդկանցից է, ովքեր հին կանաչ ամենագնացով եւ ձիերով պարեկություն են անում արգելոցի 4 հազար հեկտար տարածքում: «Արգելոցում որսորդությունն արգելված է: Մենք հետեւում ենք, որպեսզի ոչ ոք առանց թույլտվության արգելոցի տարածքում չհայտնվի, զրուցում ենք նաեւ գյուղացիների հետ: Ասում ենք նրանց, որ եթե նրանք որսան բեզոարյան այծերին, վարազներին կամ նույնիսկ նապաստակներին, ապա ավելի քիչ սնունդ կմնա գայլերի, արջերի եւ լուսանների համար: Եվ այդ դեպքում ավելի մեծ կլինի վտանգը, որ այդ կենդանիները կիջնեն մեր դաշտերն ու կփախցնեն մեր ոչխարները կամ կովերը»,- նշում է նա:

Այս արգելոցի ծրագիրը նպատակ ունի էկոտուրիզմի շնորհիվ զարգացնել տեղական տնտեսությունը: Այն բնակիչների համար հասանելի է դարձնում մաքուր եւ տնտեսող տեխնոլոգիաները, ինչպիսիք են արեւային մարտկոցները, ինչպես նաեւ երեխաների եւ մեծահասակների համար դասընթացներ են անցկացվում բնության եւ կայուն զարգացման թեմաներով: «Ուզում ենք, որ պահպանության այդպիսի մոդելն ավելի լայնորեն տարածվի ամբողջ Կովկասում»,- ասում է արգելոցի հիմնադիր եւ Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

«Հայաստանում մարդիկ եւ հովազները միասին ապրել են նախապատմական ժամանակներից: Այստեղ հովազի բազմաթիվ հնագույն ժայռապատկերներ կարելի է տեսնել, որոնք հին Հայաստանի ծագման եւ ցեղերի ավանդույթների մասին առասպելներ են ներկայացնում: Կովկասի տարածաշրջանի բնակիչները կարող են հպարտանալ, որ չեն սպանել այդ տեսակի վերջին ներկայացուցիչներին, եւ այնպես անել, որ կատվազգինեի ընտանիքի այդ զարմանալի ներկայացուցիչը բարգավաճի այս տարածքներում»,- հավելում է Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ