News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


UWC Դիլիջանի քոլեջի արտասահմանցի ուսանողները քոլեջի հյուրերին իրենց հայաստանյան մեկ տարվա տպավորությունների մասին արդեն կարողանում են հայերեն պատմել:

«Ես սիրում եմ Հայաստանը, Հայաստան շատ սիրուն, ես սիրում եմ հայաստանյան ջուր»,- NEWS.am-ի հետ զրույցում  դժվարությամբ հայերեն ասում է Սուդանից ժամանած Ռայան Սադելդինը:

Ուսանողները ասում են` Հայաստանում ապրելու եւ ուսանելու մեկ տարվա ընթացքում ամենադժվարը եղել է հայերեն սովորելը։ Նոր միջավայրին կարճ ժամանակում ընտելացած երիտասարդները Դիլիջանն իրենց երկրորդ տունն են համարում:

«Այցելել ենք տարբեր վայրեր՝ Երեւան, Վանաձոր, Սիսիան, Սեւան: Բոլոր քաղաքներն էլ շատ գեղեցիկ էին, բայց ամենից շատ Դիլիջանն եմ հավանել: Մարդկանց շատ հավանեցի, նրանք շատ հյուրասեր են: Ես սիրում եմ հայկական խոհանոցը, այստեղի եղանակը»,- ասում է Ռայան Սադելդինը:

Գերմանիայից ժամանած Լյուդվիգ Վիլքին ամենից շատ տպավորել է հայկական մշակույթն ու ավանդույթները:

«Հայկական մշակույթի արմատները այնքան խորն են, շատ հետաքրքիր է տեսնել, որ ավանդույթները դեռ պահպանվում են: Ամենից շատ ինձ դուր է եկել հայկական հարսանիքի անադույթը, երբ լավաշ են գցում ուսերին: Պարերը, երաժշտությունը նույնպես շատ հետաքրքիր են, հայերը շատ տաղանդավոր են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Լյուդվիգ Վիլքը:

Մինչեւ այստեղ գալը Հայաստանի մասին քիչ բան իմացող Վիլքն արդեն ոչ միայն հայկական մշակույթի, պատմության մասին, այլեւ հայերեն այբուբենը եւ որոշ բառեր գիտի։ «Ես սիրում եմ Հայաստան,  ես սիրում եմ պաղպաղակ, ես Գերմանից»,– գերմաներեն շեշտադրությամբ արտասանում է պատանին։

Քոլեջի 96 ուսանողներն ազատ ժամանակը Դիլիջանում են անցկացնում: Նրանք պարբերաբար հանդիպում են քաղաքի երիտասարդներին, նրանց հետ քաղաքը մաքուր պահելու ծրագիր են մշակել: Ապրիլի 24-ին քոլեջի ուսանողները այցելել են Դիլիջանում գտնվող հուշարձան եւ այնտեղ ծաղիկներ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ