News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Սատոշի Ցունակավային:

Նախագահը ողջունել է հյուրին եւ նշել, որ ուրախ է առողջապահության ոլորտում ինովացիոն տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ «Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու եւ հայկական ընկերությունների հետ համագործակցությունը զարգացնելու մտադրության համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Ցունակավայի այցը խթան կհանդիսանա փոխգործակցության զարգացման, դրանում նոր ուղղությունների եւ ծրագրերի ներառման համար: Հանրապետության նախագահն ընդգծել է, թե հաճույքով է հիշում 2012թ. Ճապոնիա կատարած իր այցը, որի ժամանակ հնարավորություն ունեցավ այցելելու նաեւ «Տոշիբա» գիտությունների թանգարան, ինչը չափազանց տպավորիչ էր:

Հանրապետության նախագահը տարբեր բնագավառներում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման համար կարեւորել է Ճապոնիայի եւ Հայաստանի դեսպանությունների ակտիվ աշխատանքը:

Հանդիպման ժամանակ նախագահը հյուրին ներկայացրել է Հայաստանում գործարար եւ ներդրումային բարենպաստ միջավայրը, օտարերկրյա ներդրումների ներգրավման համար մեր երկրում ստեղծված պայմանները, որոնք «Տոշիբա» ընկերության համար եւս կարող են հետաքրքիր լինել:

Սատոշի Ցունակավան գոհունակությամբ է ընդգծել, որ Հայաստանում «Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ի գործունեությունն ընդլայնվում է եւ ընդգծել է, որ իր ղեկավարած ընկերությունը շարունակելու է աջակցություն տրամադրել Հայաստանում առողջապահության զարգացմանը: Նա նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է մի շարք այլ ուղղություններով եւս, որոնք ընկերության գործունեության մաս են կազմում, ինչպիսիք են, օրինակ, միջուկային էներգետիկան, սեյսմոլոգիան, զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ եւ փորձի փոխանակում իրականացնել:

ՀՀ նախագահը եւ «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահը երկուստեք մեծապես կարեւորել են առողջապահության ոլորտում արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ որակյալ ծառայությունների մատուցման, այդպիսով՝ մարդկանց առողջության պահպանման եւ կյանքի մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքն ու համագործակցության զարգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ